Գլխավոր » 2011»Հուլիս»11 »
Ֆանի Արդանը խոստովանել է, որ վաղուց էր երազում լինել Հայաստանում
13:13
Ֆանի Արդանը խոստովանել է, որ վաղուց էր երազում լինել Հայաստանում
Ֆանի Արդանը, ով Երևանում է «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում, հուլիսի 10-ին իր երկրպագուների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վաղուց էր երազում գալ Հայաստան: «Հայաստանի մասին ես միշտ վիպական պատկերացումներ եմ ունեցել: Այս օրերին ես կծանոթանամ հայաստանցիների հետ և պատկերացում կկազմեմ Հայաստանի մասին»,- ասաց դերասանուհին: Արդանի պատկերացումը Հայաստանի մասին եղել են դրական: «Հայաստանը քրիստոնեության օրրանն է` գեղեցիկ, խորհրդավոր: Բնականաբար այն ունի ԽՍՀՄ-ից և Թուրքիայից մնացած խնդիրներ, և երկիրը շատ է տառապել: Ես զբոսաշրջություն չեմ սիրում, դրա համար էլ Հայաստանին կծանոթանամ հայաստանցիների միջոցով»,- ասաց Արդանը:
Ֆանի Արդանը ծնվել է 1949թ-ին, Ֆրանսիայում: 1976-ից ի վեր նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում: Հեծելազորի սպայի` զինվորական կցորդի դուստր է, հասակ է առել Մոնակոյում, որտեղ հոր դիրքը թույլ էր տալիս մոտ հարաբերությունների մեջ լինել արքայական ընտանիքի հետ: Իշխանուհի Գրեյսին կատարած հաճախակի այցելություններով դրոշմված դաստիարակությունից հետո տեղափոխվել է Էքս-ան-Պրովանս` քաղաքագիտություն ուսանելու: Բայց հետզհետե տարվել է դերասանությամբ և դրամատիկական դասեր առնելուց հետո` 1974-ին առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ բարձրացել Կոռնեյլի «Պոլիեկտես՚» բեմադրության մեջ: Առաջին ճանաչումը Արդանին բերել է «Հարևանուհիները» հեռուստադրաման: Քիչ անց սկիզբ է առել նրա ծանոթությունը Ֆրանսուա Տրյուֆոյի հետ: Այդ ծանոթությունը հանգեցրեց «Հարևանուհին» և «Կիրակին շուտ գար» գործերին և սիրային կապի, որը շարունակվեց մինչև Տրյուֆոյի մահը: Ի սկզբանե նրան համբավ էր բերել թարմ գեղեցկությունը, բայց ժամանակի ընթացում դերասանական վարպետությունը Արդանին դարձրեց Ֆրանսիայի ամենասիրված դերասանուհիներից մեկը: Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը անցկացվելու է հունիսի 10-17-ը: Փառատոնը բացվելու է իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմով: