1961 թվականին նկարահանված Ռոբերտո Ռոսսելլինի «Կեցցե Իտալիան» ֆիլմը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնն ընդգրկել էր իր երեւանյան պրեմիերաների շարքում: «Մոսկվա» կինոթատրոնի կիսադատարկ դահլիճը ֆիլմի ավարտին գրեթե ամբողջությամբ դատարկ էր մնացել: Հայ հանդիսատեսին այդքան էլ չէր հետաքրքրել 50 տարի առաջ նկարահանված ֆիլմը: Նրանցից հիմնական մասը կինոդիտման էր եկել` հույս ունենալով տեսնել իտալական նոր ֆիլմ:
Ֆիլմի ընտրությունը կատարել էր ՀՀ-ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, ով նույնպես ներկա էր ցուցադրմանը: Նրա հետ էր նաեւ ֆիլմի պրոդյուսեր Սիլվիա Չեկիդամիկոն: Մինչ կինոդիտումը դեսպանը բավական հանգամանալից ներկայացրեց, թե ինչու է կանգ առել հենց այս ֆիլմի ընտրության վրա, քանի որ ըստ նրա` այն լավագույնս է ներկայացնում Իտալիայի պատմության կարեւոր փուլը` Իտալիայի միավորումը: Սիլվիա Չեկիդամիկոն նույնպես իր խոսքում նշեց, որ ֆիլմը ոչ թե միայն 150 տարի առաջ տեղի ունեցած Իտալիայի միավորման մասին է, այլ այն իրականություն դարձնող մի կերպարի, ով երկրի պատմության ամենահայտնի հերոսն է:
Ֆիլմը ներկայացնում է 1860 թվականի Սիցիլիան: Ջուզեպպե Գարիբալդին Մարսալայում ափ է իջնում ու Կալատաֆիմիում` ջախջախում Բուրբոնների բանակը: Տեղացի պարտիզանների աջակցությամբ Գարիբալդիի հետևորդները հաղթահարում են նեղուցն ու առաջ շարժվում դեպի Նեապոլ` երկու Սիցիլիաների թագավորության մայրաքաղաքը: Գարիբալդին վերջնական պարտության է մատնում թագավորական զորքին: Նրա զինակիցները ձգտում են վերադառնալ Հռոմ, բայց Գարիբալդին գիտակցում է, որ պետք է լեզու գտնել Վիկտոր Էմանուելի հետ: Նրանք հանդիպում են Տեանոյում:
Ի դեպ, ֆիլմը դիտելու էր եկել նաեւ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: