Պատմական Հուշարձանները Վերականգնող Ճարտարապետների Հայկական Ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանն ու ասոցիացիայի անդամ, ճարտարապետ Ստեփան Նալբանդյանն այսօր խոսել են Գանձասարի երեսպատման աշխատանքների շուրջ և ներկայացրել 1989թ. իրենց կատարած հետազոտական աշխատանքը:
Նրանք, մասնավորապես պատմել են, որ 1989թ. իրենք 5 ճարտարապետներով գնացել են Գանձասար` վանքի ուսումնասիրություններ իրականացնելու, մեկ ամիս մնացել են այնտեղ ու կատարել բոլոր չափագրումները: Ընդ որում, ամբողջ վանական համալիրի, այսինքն` պարիսպներն ու հարակից բոլոր շինությունները ներառյալ:
Նախագիծը կազմվել է ու պահվում է Ազգային արխիվում, այն հանձնվել է նաև ՀՀ և ԼՂՀ պետական մարմիններին: Դրանցից այսօր կարող են օգտվել բոլորը: Անգամ նախագծի հեղինակը` Ստեփան Նալբանդյանը, վճարում է դրանից օգտվելու համար: «Նախագիծն արել ենք 1989թ. և դրա համար շատ լավ վճարվել ենք սովետական միության օրոք ու մենք նախագծի համար նորից վճարման ոչ մի ակնկալիք չէինք կարող ունենալ: Ճարտարապետների շահամոլության վերաբերյալ հայտարաությունն անհեթեթություն է»,- նշել է Գագիկ Սողոմոնյանը:
Նա` նման աշխատանքներ իրականացնել ցանկացող յուրաքանչյուր բարեգործի, խորհուրդ է տվել դիմել ճարտարապետներին. «Մենք լսում ենք 1,5 մլն դոլարի մասին: Մեր նախագծով այդ աշխատանքները շատ ավելի էժան կլինեին և մեր միջամտությունը կբերեր միջոցների տնտեսման»:
Նա ընդգծել է, որ իրենք որևէ մեկին չեն դիմել ֆինանսավորման ու վերականգնողական աշխատանքներ իրականցնելու համար և իրենց էլ ոչ ոք չի դիմել: Ճարտարապետների խոսքերով` հիմնական դժգոհութունը կայանում է նրանում, որ աշխատանքներն իրականցվում էին անօրինական, քանի որ համապատասխան կառույցի կողմից թույլտվություն չի ստացվել:
«Հիմա 2-րդ փուլն է, սպասում ենք, թե երբ պետք է քանդվի, քանդվելուց հետ նոր կհասկանանք, որ հաղթել ենք»,- ընդգծել են ճարտարապետներն ու հավելել, որ Գանձասարի պարսպի երեսպատված մասը պետք է քանդվի հնարավորինս խնամքով և համբերատարությամբ։ Ծայրահեղ տարբերակը, ճարտարապետների հավաստմամբ, քանդում-վերաշարումն է:
Աղբյուր`http://www.emedia.am/?module=article&utility=show_article&id_article=3277&lang=am
|