Արդեն 2 օր է, ինչ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում իրական սկանդալ է հասունացել՝ Արցախում գտնվող Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար) շրջապատող պարսպի սալիկապատման շուրջ: Աղմկահարույց լուսանկարների հայտնվելու առաջին իսկ օրը մամուլում պարզաբանումներով հանդես եկավ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը: Ըստ նրա, հնադարյա պարսպի երեսպատման գաղափարը պատկանել է մոսկվայաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին:
Այդ տեղեկատվության հիման վրա «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ մամուլի միջոցով դիմեց Հայրապետյանին՝ կոչ անելով հրահանգել «կասեցնել Գանձասարում իրականացվելիք բարբարոսությունը»: «Մենք հակված ենք ենթադրելու, որ Լևոն Հայրապետյանը, ում վստահված անձինք իր միջոցներով իրականացնում են 13-րդ դարի պարսպի «երեսպատումը», պարզապես տեղյակ չէ տեղի ունեցող խայտառակության մասին»,- ասված էր երեկվա հաղորդագրության մեջ:
Երեկոյան երիտասարդական նախաձեռնության անդամներին հաջողվեց կապվել Լևոն Հայրապետյանի հետ, ով տեղեկացրեց, որ Գանձասարը շրջապատող պարիսպը կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ական թվականներին: Հայրապետյանի խոսքերով, ներկա պահին պարիսպն իր անորակության պատճառով սկսել է քանդվել, ինչը կանխարգելելու համար նա որոշել է երեսպատել այն տրավերտինե (ավելի վաղ սխալմամբ նշվում էր մարմարե) սալիկներով, որոնք, այն նույն հանքից են, որտեղի քարերով 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը:
Առնվազն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ ԼՂՀ կառավարությանն առընթեր պատմական հուշարձանների պահպանման և ուսումնասիրության բաժնի պետն իր հարցազրույցներում մի քանի անգամ հաստատել է պարսպի՝ 13-րդ դարի կառույց լինելը, իսկ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխանակ իրազեկելու, որ այն կառուցվել է ընդամենը 30 տարի առաջ, և լռեցնելու անիմաստ աղմուկը, լրատվամիջոցների հարմանն ի պատասխան ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից, ինչն, ըստ Արցախում շրջանառվող լուրերի, պայմանավորված է նրա ու Լևոն Հայրապետյանի միջև գոյություն ունեցող տարաձայնություններով: Փաստորեն, թեմի առաջնորդին ձեռնտու էր եկեղեցու բարերարի վարկաբեկումը:
Իսկ այն, որ Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ բարձրաստիճան սպասավորների քրիստոնեական պատվիրաններից առավել հետաքրքրում են շքեղ բարեմասնություններով տիկնայք և արտասահամանյան էլիտար ավտոմեքենաների վերջին մոդելները՝ Հայաստանում հայտնի է բոլորին: Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց կրծքների խաչը ծառայում է նրանց՝ իբրև անբարո կյանքով ապրելու ինդուլգենցիա…
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն։
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_25729.html
|