«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ներկայացված են երկու վավերագրական ֆիլմեր, որոնք, ըստ կազմակերպիչների, ամենաուշագրավներից են: Դրանցից մեկն է Նատալիա Ալմադայի «Գեներալը»: ««Գեներալը» ֆիլմը ստեղծվել է տատիկիս կողմից արված տեսանյութի հիման վրա: Տատիկը հիշում է իր հորը, ով եղել է Մեքսիկայի գնդապետ և հետո էլ նախագահ», -ասաց Ալմադան:
Անցյալն ու ներկան բախվում են այս ֆիլմում, երբ Սանդենսի ԿՓ-ում վավերագրական կինոնկարի լավագույն ամերիկացի ռեժիսոր ճանաչված Նատալյա Ալմադան կյանքի է կոչում այն ձայնագրությունները, որոնք ժառանգել է տատից: Դրանք Ալիսիա Կալյեսի հուշերն են իր հոր` Նատալյայի ապուպապի` գեներալ Պլուտարկո Էլիաս Կալյեսի մասին, մի հեղափոխական գեներալի, որը 1924-ին Մեքսիկայի նախագահը դարձավ: Կալյեսին անվանում էին «բոլշևիկ» և «պարագլուխ»: Այսօր նա մնում է Մեքսիկայի ամենահակասական դեմքերից մեկը` մարմնավորելով երկրի պատմության և՛ իդեալիզմը, և՛ անարդարությունները: «Գեներալը» պատմական դատի բանաստեղծական և կինեմատոգրաֆիկ հետազոտությունն է և անցյալի ստվերներում ապրող ընտանիքի ու երկրի բարդ, ուշագրավ դիմանկարը:
Մյուս վավերագրական ֆիլմը, որը ներկայացված է փառատոնում, դա Նաչո Մարտինի «Էլ Նինյո Միգել» ֆիլմն է:
Այս կինոնկարը բացառիկ և իսկապես ոգեշունչ անհատականության կյանքի մի պահի պատկերումն է: Էլ Նինյո Միգելը կմնա որպես ֆլամենկոյի` բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարներից մեկը: Կենդանի լեգենդը փորձում է ստիպել, որ իր հին ու շարքից դուրս եկած կիթառը երգի: Մուրճի պես ուժեղ բութ մատով Էլ Նինյո Միգելը դեռ ի զորու է հուզել` սրտի զգացած ակորդները նվագելով: «Միգելն երկար տարիներ ճանաչում եմ: Ես ավելի շատ ուզում էի նկարահանել ֆիլմ մի մարդու մասին, ով ծայրահեղ վատ է ապրում: Ես ուզում էի ցույց տալ մի գնչու ընտանիքի մասին, որը քոչվոր չէ», ասաց ռեժիսորը:
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74437/
|