Օգոստոսի 5-7-ը Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի Պրոյցել դղյակում կկազմակերպվի հայ մեծանուն երաժիշտ, երգահան Կոմիտասի անվան գիտաերաժշտական միջազգային փառատոն:
Փառատոնի կազմակերպիչն ու նախաձեռնողը դղյակի սեփականատերերից գործարար Վահրամ Եկավյանն է: Նրանց գլխավոր նպատակն է կոմիտասյան և հայ դասական ու ժամանակակից երաժշտության միջոցով եվրոպական և հատկապես գերմանական երաժշտասեր հասարակությանը ներկայացնել հայ երաժշտաարվեստի գանձերը, որոնք հարյուրամյակների քննությունը բռնելով` այսօր էլ չեն կորցրել հետաքրքրությունն իրենց հանդեպ: Իսկ Կոմիտասը ոչ միայն իր թողած ժառանգությամբ, այլև Բեռլինում ուսանած լինելու հանգամանքով մշակութային երկխոսության ամենաուժեղ կապը կստեղծի: Կոմիտասի անունը հայտնի է գերմանական երաժշտական որոշակի շրջանակների, հայ մեծ երգահանի ստեղծագործությունները ժամանակ առ ժամանակ հնչում են Գերմանիայի տարբեր համերգասրահներում, իսկ ինքնատիպ այս փառատոնը կնպաստի այն բանին, որ Կոմիտասի ստեղծագործության հանդեպ կձևավորվի խորքային վերաբերմունք:
Փառատոնին այս տարի հրավիրվել են հանրահայտ երաժիշտներ, որոնք կգնահատեն երիտասարդ ստեղծագործողների կատարումները: Մասնակիցները տարբեր երաժշտական գործիքներով պետք է կատարեն մեկական գործ Կոմիտասից, մեկական գործ որևէ ժամանակակից հայ կոմպոզիտորից և մեկական գործ էլ համաշխարհային դասականներից: Փառատոնի մրցանակային հիմնադրամը 20 հազար եվրո է:
Պրոյցել դղյակը գտնվում է Բեռլինից ոչ շատ հեռու՝ համանուն փոքրիկ գյուղում, իսկ հարակից տարածքը 123 հեկտար է: Գեղատեսիլ բնության մեջ կկառուցվի բեմահարթակ, եւ մի քանի օր շարունակ ելույթ կունենան ամենատարբեր երաժշտական խմբեր ու անհատ երաժիշտ կատարողներ: Միայն Հայաստանից փառատոնին կմասնակցեն հարյուր քսան հոգի, այդ թվում՝ հայտնի դաշնակահար Մարինե Աբրահամյանը, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ: Վերջիններս կլինեն նաև գնահատող հանձնախմբի կազմում:
Փառատոնի կազմակերպիչները մտադիր են այն դարձնել ամենամյա, ինչը հնարավորություն կտա Գերմանիայում և Եվրոպայում ճանաչելի դարձնել հայկական երգարվեստը: Պրոյցել դղյակի արդեն վերանորոգված դահլիճը նույնպես հետագայում կտրամադրվի տաղանդավոր երաժիշտներին: Փառատոնի օրերին դղյակի երկրորդ հարկում կբացվի եվրոպահայ և օտար նկարիչների ցուցահանդես: Փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին: