ԱՐՄՄՈՆՈ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի հանրապետական փուլն առաջին անգամ կանցնի ԼՂՀ-ում հուլիսի 18-22-ը, տեղեկացրեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
«ԼՂՀ-ում ԱՐՄՄՈՆՈ միջազգային փառատոնի անցկացումը կնպաստի հայկական մշակույթի, մասնավորապես՝ թատերական կյանքի ապակենտրոնացմանը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մխիթարյանը:
Նրա խոսքերով՝ այսօր Վանաձորի Վարդան Աճեմյանի անվան թատրոնից բացի Հայաստանի մարզերում ոչ մի թատրոն նորմալ չի գործում: «Էլ ինչ կարելի է ասել Ղարաբաղի մասին: Մեր հիմնական նպատակն է գոնե դնել Ղարաբաղի թատերական կյանքի վերածննդի հիմքը», - ընդգծեց նա:
ԱՐՄՄՈՆՈ մոնոներկայացումների փառատոնի հանրապետական փուլը նվիրված կլինի ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակին և կանցնի ՀՀ մշակույթի, սփյուռքի նախարարությունների և ԼՂՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
«Հինգ օրվա ընթացքում ղարաբաղցիները հնարավորություն կունենան դիտել 18 բեմադրություն, իսկ փառատոնից ստացված ողջ հասույթը կուղղվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերականգնմանը», - ասաց Մխիթարյանը:
Նրա խոսքերով՝ բեմադրություններից ստացված հասույթն, իհարկե, սիմվոլիկ է լինելու: «Մենք իրատես եք, հսկայական միջոցների հույս չունենք, սակայն հուսով ենք ներգրավել մարդկանց, գործարարների, բարերարների ուշադրությունը Ղարաբաղում թատրոնի խնդիրներին», - ընդգծեց նա:
Մխիթարյանն ավելացրեց, որ փառատոնի ղեկավարությունը հաջորդ տարի կփորձի Ղարաբաղում կազմակերպել երկու փուլերը՝ միջազգայինն ու հանրապետականը:
Նա տեղեկացրեց, որ Ղարաբաղում փառատոնի ծրագրում կներառվեն հետևյալ ներկայացումները՝ Սամվել Բաղինյանի «Մատյան ողբերգության», Հովհաննես Հովհաննիսյանի «Շեյլոկ», Ռոբերտ Հակոբյանի «Ձեզ եմ դիմում տիկնայք և պարոնայք», Գենադի Առուշանյանի «Ես տեսնում եմ ձեզ», Գրետա Մեջլումյանի «Ծառերը», Զարուհի Խաչատրյանի «Վերադառնում եմ, մոռացեք», Արթուր Կարապետյանի «Յագո» և Արմեն Սանթրոսյանի «Լիր» ներկայացումները:
ԱՐՄՄՈՆՈ փառատոնն անցկացվում է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո՝ ՀՀ մշակույթի և ՀՀ թատերական գործիչների միության աջակցությամբ:
ԱՐՄՄՈՆՈ միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2003 թ.-ի սեպտեմբերին:
Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110715/42491859.html
|