Գլխավոր » 2011»Հուլիս»25 »
Ղարաբաղում ավարտվել է մոնոներկայացումների ԱՐՄՄՈՆՈ միջազգային թատերական փառատոնը
18:29
Ղարաբաղում ավարտվել է մոնոներկայացումների ԱՐՄՄՈՆՈ միջազգային թատերական փառատոնը
ԼՂՀ-ում ավարտվել է մոնոներկայացումների ԱՐՄՄՈՆՈ միջազգային թատերական փառատոնը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից:
ՀՀ թատերական գործիչների միության նախագահ, փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանը հայտարարել է, որ ԱՐՄՄՈՆՈ-ն միջազգային թատերական փառատոն է, և արդեն հաջորդ տարվանից միջազգային ողջ կազմը կգտնվի Ղարաբաղում:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը գերատեսչության կողմից փառատոնի մասնակիցներին պատվոգրեր և նվերներ է հանձնել:
ԼՂՀ մշակույթի նախարարը պարգևատրվել է ՀՀ թատերական գործիչների միության ոսկե մեդալով, իսկ նախարարության աշխատակիցների խմբին միության կողմից շնորհակալագրեր են հանձնվել:
Փառատոնի վերջին օրը, որն անցկացվել է Ղարաբաղի շրջկենտրոններում և գյուղերում, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Վերադառնում եմ, մոռացեք» մոնոներկայացումը՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Զարուհի Խաչատրյանի կատարմամբ: Փառատոնի չորս օրվա ընթացքում ղարաբաղցիները հնարավորություն են ունեցել դիտել 17 բեմադրություն:
ԱՐՄՄՈՆՈ մոնոներկայացումների փառատոնի հանրապետական փուլը նվիրված էր ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակին և անցկացվեց ՀՀ մշակույթի, սփյուռքի նախարարությունների և ԼՂՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Փառատոնից ստացված ողջ հասույթը կուղղվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերականգնմանը:
ԱՐՄՄՈՆՈ փառատոնն անցկացվել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո՝ ՀՀ մշակույթի և ՀՀ թատերական գործիչների միության աջակցությամբ: ԱՐՄՄՈՆՈ միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2003 թ.-ի սեպտեմբերին: