«Արմենիա» առագաստանավն իր առաջին շուրջերկրյա նավարկության վերջին փուլում հանգրվանել է Շրի Լանկայի Գոլլ քաղաքի նավահանգստում, որը գտնվում է մայրաքաղաք Կոլոմբոյից 115 կմ հեռավորության վրա` կղզու հարավ-արևմտյան մասում: Այն իր շուրջերկրյա նավարկությունն սկսել էր 2009 թվականին` անցնելով սփյուռքի ճամփաներով:
Հայոց մարդասիրական ճեմարանի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, 2011 թվականի հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրի-արք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հրավերով Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբո է մեկնել հնդկահայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը` գոհաբանական աղոթք վերառաքելու Բարձրյալին` «Արմենիա» առագաստանավի խաղաղ նավարկության և անձնակազմին օրհնելու համար:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը:
Գոհաբանական աղոթքից հետո Հայր Խորենն իր խոսքում փառք և գոհություն է առաքել Երկնավորին, որ «Արմենիան» խաղաղ և ապահով իրականացրեց իր առաքելությունը և բարեհաջող կառանեց Շրի Լանկայում: Հնդկահայոց հոգևոր հովվության անունից ողջունել և գնահատանքի խոսք է ասել անձնակազմին` մաղթելով առագաստանավին անվտանգ նավարկություն դեպի Ալեքսանդրիա, Եգիպտոս: