Արդեն 5 տարի է, ինչ լույս է տեսնում «Գրեթերթ» գրական-երիտասարդական թերթը:
Թերթը այս 5 տարիների ընթացքում տպագրել է 19 համար. 128 հեղինակ, 14 ժանրեր` 375 բանաստեղծություն, 91 պատմվածք, 31 գրական հոդված, 23 թարգմանություն, 20 էսսե, 12 հրապարակախոսական հոդված, 12 հարցազրույց, 6 պոեմ, 2 վեպ և այլն:
Արձակագիր Գուրգեն Խանջյանը պատմեց, որ մի օր երիտասարդ գրողներ էին եկել նրա մոտ և բերել իրենց ստեղծագործությունները:
«Նրանց գրելու ձիրքն ակներեւ էր և մտածեցի, որ իրենց թերթ է պետք. այսպես էլ ծնվեց «Գրեթերթը»,- ասաց նա: Գրողը տեղեկացրեց, որ թերթի ձեռքբերումը եղավ այն, որ այս սերունդը կարողացավ գրականապես կայանալ: «Նույնիսկ նրանցից շատերը ամսագրեր են ստեղծում, և, ամենակարևորը` նրանք կարողացան ընթերցող ձևավորել»,- ասաց Խանջյանը:
Գրողն այժմ թերթի հետ կապված ունի նպատակներ, բայց դրանք, ըստ նրա, իրագործելի չեն: Օրինակ` նա ցանկանում է, որ թերթը այնքան հարուստ լինի, որ իր հեղինակների լավագույն գրքերը տպագրի:
Ինչեւէ, շնորհավոր միակ երիտասարդական գրական թերթի 5-րդ տարելիցը:
Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/9507.htm
|