Երեկ «The club» ակումբում տեղի ունեցավ «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթի հերթական համարի շնորհանդեսը: Այս համարի շնորհանդեսը «Գրեթերթի» հեղինակների համար իսկական տոն էր, որովհետեւ լրանում է «Գրեթերթի» հիմնադրման հնգամյակը: Հինգ տարիների ընթացքում «Գրեթերթում» 128 երիտասարդ հեղինակների ստեղծագործություններ են տպագրվել: Լավագույն ստեղծագործությունները տարվա վերջում արժանացել են «Գրեթերթի» ամենամյա մրցանակին:
«Գրեթերթի» հեղինակներից մի քանիսն այսօր լավագույնն են «հայ ժամանակակից» կոչված գրականության մեջ: Չընկնելով վուլգար ու ծիծաղելի մոդաների, չհիմնավորված, անհող, թիթիզ նորարարությունների կամ անկմախք, անսկզբունք փորձարարությունների ետեւից՝ «Գրեթերթի» հեղինակները փորձել են ինչ-որ կերպ դիպչել գրականությանը, որ շատ դեպքերում հաջողվել է:
Թերթի խմբագիր Գուրգեն Խանջյանի ջանքերով եւ հոգատարությամբ թերթը շարունակում է դժվար պայմաններում իր ակտիվ գործունեությունը` տարածություն տրամադրելով, հնարավորություն ընձեռելով երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր գրում են, ովքեր ցանկություն ունեն իրենց պատմվածքը, բանաստեղծությունը, էսսեն, ակնարկը տպված տեսնել, տպված կարդալ ու դրանով մարդկանց հնարավորություն տալ ընթերցելու, հասկանալու, չհասկացվելու, քննադատվելու: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն իր «…եվ եղեվ «Գրեթերթ»» էսսեում գրում է. «Հինգ տարի առաջ՝ «Գրեթերթիևց» առաջ, «Գրեթերթ» չկար, բայց կար ամեն ինչ, որ «Գրեթերթ» լինի…
…կար «Սատիրիկոնը», որ երգիծաթերթ էր, ու «Սատիրիկոնի» խմբագրությունը միշտ էլ լի էր երիտասարդներով, ու ջահելներն էլ երգիծանքի հետ սեր չունեին, ու տարիքովների հումորները ձանձրալի էին, ու Գուրգեն Խանջյանը ձանձրանում էր, ու Գուրգեն Խանջյանը հասկանում էր, որ իր դեմքի ժպիտն այդ ջահելների ներկայությունն է բերում, ու Գուրգեն Խանջյանը գիտակցում էր, որ առանց հումորի ու երգիծանքի ժպիտն ու ծիծաղը գերադասելի են առանց ժպիտի ու ծիծաղի հումորից ու երգիծանքից…
…ուրեմն` սկզբում Խանջյանն էր Գուրգեն, որ ասում էր` ջահելներին թերթ է պետք, ու Հուսիկ Արան ու Ոսկանյան Արփին, Սարիբեկյան Հրաչն ու Թեքգյոզյան Հովհաննեսը, Արշակյան Մհերն ու Բեյլերյան Մհերը, Թումանյան Գեւորգն ու Վահե Արսենը կային, որ լուրջ հիմքեր էին ստեղծել, ինչքան կարողացել, կամ ինչքան նրանց թույլ էին տվել` ճանապարհ էին բացել…
… եվ եղեվ «Գրեթերթ»»:
«Գրեթերթը» կայացավ երիտասարդների առաջին գրական փորձերի, լավ գործ գրելու պայքարի, լավ գործ գրելու երազանքի շնորհիվ:
Ջահել, համարձակ, նոր հեղինակների ակտիվ մասնակցությունն է, որ կերկարացնի «Գրեթերթի» կյանքը:
ՀԵՂԻՆԱԿ՝ Արամ Պաչյան
Աղբյուր`http://www.report.am/news/culture/gandzasar-parispner-dadar.html
|