«Ինչո՞ւ եք ուզում, որ «Հ1»-ի վարկանիշն ընկնի»: Այս հարցը միշտ լսել են Հանրային հեռուստաընկերության գովազդային քաղաքականության խախտումներ նկատողները եւ այդ մասին բարձրաձայնողները: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն է այդ մասին պատմում՝ ասելով, որ իրենք «Հ1»-ի ղեկավարության այդ հարցին պատասխանում են, որ Հանրայինը այլ «փիլիսոփայություն» ունի. հասարակության բոլոր շերտերի շահերի պաշտպանն է, հեռուստադաշտում բացարձակ մենաշնորհ ունի՝ ֆինանսավորվում է պետական բյուջեից:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2011թ. հունվարի 1-ից իրականացնում է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Հ1» հեռուստաալիքի գովազդային ծավալների եւ տեղաբաշխման գործող օրենսդրությանը համապատասխանության ուսումնասիրություն: Երեկ Լ. Բարսեղյանը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը լրագրողներին ներկայացրին մարտ եւ ապրիլ ամիսների իրենց ուսումնասիրության արդյունքները. դրանք գոհացուցիչ չեն: «Հ1»-ը գոնե պետք է գովազդի մասին օրենքը ամենաքիչ խախտողներից լինի»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը: Մոնիտորինգ իրականացնողները արձանագրել են՝ մարտ ամսվա 26 օրերի ընթացքում դիտարկված խախտումների վիճակագրությամբ՝ ամենից հաճախ «առնվազն 20 րոպե առանց գովազդի» նորմը խախտվել է «Աննա-2» սերիալի, «Օտար ամայի ճամփեքի վրա», «Մերոնք», «Հատուկ ռեպորտաժ» եւ «Հայաստանի ճամփեքով» հաղորդումների ժամանակ: Ապրիլ ամսին էլ պատկերը համարյա նույնն է: Նկատելի է, որ այդ 2 ամիսներին խախտումները հիմնականում եղել են երեկոյան ժամերին, ամենառեյտինգային հաղորդումների ժամանակ: Լ. Բարսեղյանը նշում է, որ իրենց կողմից արվել եւ արվելու են առաջարկություններ՝ գովազդային ոլորտը կարգավորելու ուղղությամբ: Ըստ բանախոսների, Հանրային հեռուստաընկերության գովազդային քաղաքականությունը կարգավորող օրենսդրական դաշտն այնքան էլ կատարյալ չէ, դրան գումարվում է ՀՌԱՀ-ի անտարբերությունը: Դեռ այս ուսումնասիրության մեկնարկին, Լ. Բարսեղյանը մի փոքրիկ ուսումնասիրություն էր արել, արձանագրել խախտումները, բայց քանի որ օրենքում հստակ նշված չէր, թե եթերային ժամանակը երբվանից է հաշվարկվում, նա իր հաշվարկը սկսել էր ժամը 8-ից: Հանրային հառուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը դա սխալ էր համարել, ինչի հետ էլ ՀՌԱՀ-ը համաձայնել էր: Այս ամենից հետո միայն որոշվել է «Գովազդի մասին» օրենքի մեջ փոփոխություններ անել եւ նշել. «Եթերային ժամի հաշվարկը սկսել յուրաքանչյուր օր՝ 00:00 ժամից»: «Տեսնես այս տարիների ընթացքում ՀՌԱՀ-ը չէ՞ր տեսել այդ բացթողումը»,- զարմանում է Լ. Բարսեղյանը: Մեր հարցին՝ «Հ1»-ի այս ամենաթողությունը ինչի՞ պատճառով է՝ օրենսդրական բացերի՞, թե՞՝ ՀՌԱՀ-ի անգործության, Բարսեղյանը պատասխանում է. «Մեր օրենսդիրն ինչպես օրենքները կազմել է, այնպես էլ թող լինի, դրանք մե՛րն են, բայց ՀՌԱՀ-ն էլ իր հերթին ոչինչ չի անում, ոչինչ չի նկատում: Այսինքն՝ ամեն ինչն էլ իր բացթողումների պատճառով է»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/96335/view
|