«Այն, ինչ մեր հասարակությունը պետք է արժեվորի, հակառակը` փորձում է ամբողջովին վարկաբեկել: Ինչ-որ մի հանրային հատվածով պետք է դրան ընդդիմանալ»,- ասաց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` պատասխանելով Panorama.am–ի թղթակցի հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել շաբաթ օրը` երիտասարդ բլոգերների հետ:
Նախարարն ասաց, որ իր խոսքում կարևորել է այն միտքը, որ կոռեկտության սահմանում խնդիր բարձրացնելը մի բան է, իսկ «ցեխ շպրտելը» համապատասխան կառույցի վրա, որը դարեր շարունակ պահել ու պահպանել է այս ժողովուրդը, լրիվ այլ բան է:
Նախարարը նշեց, որ բլոգերների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Սանահինի շուրջ ծագած խնդիրները և ընդգծեց, որ իր համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչի՞ց ծագեց Սանահինի վանքի հետ կապված պատմությունը, քանի որ առնվազն երկու տարի Սանահինի վանքի խնդիր գոյություն չուներ:
«Օրենքը հստակ սահմանում է, եթե հուշարձանը պատկանում է եկեղեցուն, ապա պետությունը դրա հետ ոչ մի բան չպետք է անի»,- ասաց նախարարը, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ Մշակույթի նախարարությունը այդ սահմանափակումը չի դնում և վերանորոգում է պատմամշակութային ժառանգության ամենավատ վիճակում գտնվող հատվածը` անկախ նրանից, թե ում է այն պատկանում:
Հ. Պողոսյանն ասաց, որ հուշարձանների վերականգնումը միայն պետության խնդիրը չէ: Նա նշեց, որ Հայաստանը ունի 24 հազար հուշարձան, որոնց խնամքի համար պետությունը հատկացնում է 220 մլն դրամ, որոշակի գումարներ է հատկացնում նաև եկեղեցին, սակայնմիևնույն ժամանակ ընդգծեց, որ այս հարցում հասարակությունը նույնպես պետք է իր դերակատարությունն ունենա:
Որպես պետություն-հասարակություն համագործակցության հաջող օրինակ` մշակույթի նախարաը հիշատակեց Գոշավանքի վերականգման համար ստեղծված հիմնադրամը: Եվ հավելեց, որ վերականգնողական աշխատանքներին պետությունը նույպես կունենա իր մասնակցությունը:
Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/07/26/hasmik-poghosyan2/
|