2007 թվականից սկսած' Երեւանի գրախանութներում հայտնվել են հայկական դասական ստեղծագործությունների կրճատ տարբերակներ' սեղմավեպեր: Եթե նախկինում հայ ընթերցողը ծանոթ էր համաշխարհային գրականության ադապտացված տարբերակներին, ապա սա ընթերցողի համար միանգամայն նոր երեւույթ էր. հարյուրավոր էջեր կարդալու փոխարեն ընդամենը մի քանի տասնյակ էջերի շնորհիվ նա կարող է ծանոթանալ գրքի ընդհանուր բովանդակությանը' խնայելով ժամանակը:
«Սեղմավեպերը նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են կարճ ժամանակում ծանոթանալ հայ ժողովրդի անցյալի գրականությանը եւ դրա միջոցով' նաեւ պատմությանը»,- այսպես է գրված «Գիտանք» հրատարակչության կողմից հրատարակված սեղմավեպերի առաջին էջում:
«Գիտանք» հրատարակչությունը 1998թ.-ից սկսած'հրատարակել է շուրջ 40 գրքեր, բառարաններ, տնտեսական ձեռնարկներ եւ այլ աշխատություններ, սակայն միայն 2007թ.-ից է սկսել հայկական գրական ստեղծագործությունների վերամշակումն ու հրատարակումը, մինչ այդ միայն արտասահմանյան ստեղծագործություններ է սեղմագրել:
Գրքերի վերամշակումը կատարել է Պ. Չայկովսկու դպրոցի հայոց լեզվի եւ գրականության դասավանդման ավելի քան 50 տարվա մանկավարժական փորձ ունեցող ուսուցչուհի Արփինե Ավետիսյանը:
«Ես խնամքով պահպանել եմ յուրաքանչյուր հեղինակի ոճը, նրա' ժամանակին բնորոշ լեզվական առանձնահատկությունները, ստեղծագործությունների սյուժեն ու կառուցվածքը, պարզապես կրճատել եմ երկար նկարագրությունները», -»Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա.Ավետիսյանը:
Սեղմավեպի տեսքով արդեն հրատարակվել են Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի», Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի», Շիրվանզադեի «Քաոս», Դ. Դեմիրճյանի «Վարդանանք», Րաֆֆու «Սամվել», Շ. Շահնուրի «Նահանջն առանց երգի», Կ. Զարյանի «Նավը լեռան վրա» ստեղծագործությունները:
Մինչ այժմ հրատարակված սեղմավեպերը հիմնականում ծրագրային էին, եւ այդ է պատճառը, որ հատկապես մեծ սպառում ունեն դպրոցականների շրջանում: Գրախանութի աշխատակցուհի Տաթեւիկ Աղաբաբյանը փաստեց, որ սեղմավեպերը գնում են ոչ միայն աշակերտները, այլեւ ուսանողները:
«Մեր հիմնական նպատակն էր սեղմավեպերի միջոցով հրավիրել ոչ միայն հայերի,այլեւ օտարազգիների ուշադրությունը հայ գրականության վրա, զարգացնել նրանց գիտելիքները, փորձել անել այնպես, որ մեր դասական ստեղծագործությունները հասանելի լինեն բոլորին»,- ասաց «Գիտանք» հրատարակչության տնօրեն Ալեքսանդր Աղաբեկյանը:
Ինչ վերաբերում է հայկական ստեղծագործությունների հեղինակային իրավունքին, ապա Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ին ընդունված «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում չկա սեղմավեպերի հրատարակումն ու վաճառքը սահմանափակող կամ արգելող որեւէ դրույթ: Սեղմավեպերն առաջին անգամ տպագրվել էին 300 օրինակով, 2-րդ անգամ' տպաքանակը 200 օրինակով ավելացվել է. սա խոսում է գրքերի պահանջարկի մասին:
«Հաճախ խոսվում է, որ սեղմավեպերը վնաս են ուսանողներին, իրականում մասնագիտական ֆակուլտետներում' ասենք բանասիրականում, ուսանողը դասախոսին չի կարող խաբել եւ քննություն հանձնել միայն սեղմագրի ընթերցանությամբ, իսկ ոչ մասնագիտականներում ժամաքանակներն այնքան քիչ են, որ երեխաներն էլ քննության փոխարեն ստուգարք են հանձնում, եւ հնարավոր չէ ստուգել իսկապես վեպն է կարդացել ուսանողը, թե սեղմավեպը»,- ասաց ԵՊՀ գրականության դասախոս Հայկ Համբարձումյանը'հավելելով, որ պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել: «Ես ոչ դրական, ոչ էլ բացասական եմ վերաբերում սեղմավեպերին, մեր ուսանողների տգիտությունը չպատճառաբանենք դրանցով, քանի որ դա ոչ թե պատճառ է, այլ հետեւանք, կրթության, գրականության, ուսման նկատմամբ այն անտարբերության, որ կա հասարակության մեջ»,- հավելեց նա:
Սեղմավեպերի հրատարակումից ի վեր բազմաթիվ դեմ կարծիքներ են հնչել մամուլում եւ հեռուստատեսությամբ տարբեր գրականագետների կողմից: Սակայն շատերը սեղմավեպերի բացասական ազդեցության մասին խոսելով հանդերձ նշում են նաեւ դրականը' անվանելով սեղմավեպերը «չարյաց փոքրագույն»: Հուրախություն բազմաթիվ գրականագետների' հավելենք, որ «Գիտանք» հրատարակչությունն այլեւս չի զբաղվելու հայ հեղինակների ստեղծագործությունների սեղմագրմամբ: Հրատարակչությունը հիմնադրումից ի վեր ոչ միայն հայ, այլեւ բազմաթիվ արտասահմանյան դասականների եւ 21-րդ դարի ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ է ադապտացնում, այնպես որ Կ. Զարյանի «Նավը լեռան վրա» սեղմավեպը «Գիտանք»-ի վերջին աշխատանքն էր, ոչ միայն ծրագրային, այլեւ առհասարակ հայկական գրքերից:
«Մենք շարունակում ենք տպագրել բազմաթիվ արտասահմանյան հեղինակների ստեղծագործությունների սեղմագրեր եւս, բայց աղմուկը միայն հայկական սեղմավեպերի շուրջ է պտտվում: Բոլորը նշում են, որ կոմերցիոն շահ կա, բայց այսօր ինչի՞ մեջ կոմերցիա չկա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հրատարակչության տնօրենը: Սակայն տարաձայնությունը ոչ թե «Գիտանք» հրատարակչության եւ գրականագետների միջեւ է, այլ «սեղմագիր» երեւույթի, եւ շատ հավանական է, որ միգուցե որեւէ այլ հրատարակչություն առաջիկայում նախաձեռնի նոր սեղմավեպերի վերամշակում եւ վաճառք, ինչը կրկին դժգոհություն կառաջացնի գրականագետների շրջանում: Ի վերջո, սեղմավեպեր կարդալու կամ չկարդալու իրավունքը պատկանում է մեզ' ընթերցողներիս, յուրաքանչյուրն ինքն է ընտրում' ինչ էջաքանակով ընթերցել Աբովյան, Րաֆֆի կամ «Սասնա ծռեր»:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659586/
|