«Հայկական ներկապնակ» փառատոնի շրջանակներում օգոստոսի 6-7-ը Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության 10 անդամներ, որոնք հայ 10 նկարիչների հետ միասին կմեկնեն Արցախ եւ կնկարեն հայկական բնաշխարհը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց փառատոնի համակարգող Գագիկ Ավետիսյանը, Արցախ կատարած այցից հետո նկարիչների հաջորդ հանգրվանը կլինի Տաթեւը, որից հետո' Վայոց ձորը, Գյումրին, Լոռին, որտեղ նկարիչները կպատկերեն հայկական պատմամշակութային ժառանգությունը: Լոռիում 20 նկարիչներին կմիանան եւս հայ տասը նկարիչներ, որոնք եւս կսկսեն ստեղծագործել:
Գ. Ավետիսյանի խոսքով' նկարիչների ստեղծագործությունները սեպտեմբերի 2-ին կցուցադրվեն Հայաստանի նկարիչների միությունում, որը կնվիրվի Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանին: Նախատեսվում է ցուցադրություն նաեւ Ռուսաստանում:
Փառատոնի համակարգողը նաեւ նշեց, որ առաջիկա օրերին 25 հայ նկարիչներ կաշխատեն Նոյեմբերյանում, Լոռիում, Կողբում եւ Սանահինում:
Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի նկարիչների միության, «Փյունիկ» բարեգործական միության եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության համատեղ ջանքերով: