Գլխավոր » 2011»Հուլիս»22 »
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն իր հյուրախաղերը կնվիրի ՀՀ անկախության 20-ամյակին
17:37
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն իր հյուրախաղերը կնվիրի ՀՀ անկախության 20-ամյակին
Հայաստանի երիտասարդական նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը Սերգեյ Սմբատյանն է, ավարտել է իր 2011թ. ձմեռ- գարուն ծավալուն համերգաշարը: Այս ժամանակահատվածում նվագախումբն ունեցել է լեփ-լեցուն հանդիսատեսով դասական բարձրաճաշակ համերգներ'աշխարհահռչակ մենակատարների, երաժիշտների մասնակցությամբ: Իսկ առջեւում հյուրախաղերն են:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, սպասվում են նորանոր զարմանահրաշ համերգներ եւ, իհարկե, հյուրախաղեր դեպի Ուկրաինա: «Մենք կմասնակցենք «Օդեսան դիմավորում է ընկերներին» փառատոնին»,- ասաց նա' հավելելով, որ Ուկրաինայում անցկացվելիք փառատոնից հետո նվագախումբը կայցելի եվրոպական երկրներ: Նրա խոսքով' առաջին հերթին կլինեն Բեռլինի աշխարհահռչակ համերգասրահում, այնուհետեւ ելույթներ կունենան Բրյուսելի «PALAIS DES BEAUX-ARTS» դահլիճում: «Այս հյուրախաղերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մեծ սիրով եւ խորին հարգանքով նվիրվում է Հայաստանի անկախության 20- ամյակին»,- ասաց նա:
Նշենք, որ նվագախումբը' հանձինս գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորի, չի մոռանում մանուկների մասին եւ սերտորեն համագործակցում է նաեւ «ՍՈՍ» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի երեխաների հետ'հրավիրելով նրանց նվագախմբի բոլոր համերգներին: «Այս ամենն ունի մեծ նպատակ'կրթել եւ զարգացնել երիտասարդության երաժշտական ճաշակը, նպաստել երաժշտասեր հասարակության ընդլայնմանը»,- ասաց Ս. Սմբատյանը: