Գլխավոր » 2011»Հուլիս»8 »
«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը տարիների ընթացքում իսկապես կկատարելագործվի». Ա. Սարյան
20:39
«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը տարիների ընթացքում իսկապես կկատարելագործվի». Ա. Սարյան
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ավարտեց իր 2011թթ. ձմեռ- գարուն ծավալուն համերգաշարը: Այս ժամանակահատվածում նվագախումբն ունեցավ լեփ –լեցուն հանդիսատեսով դասական բարձրաճաշակ համերգներ`աշխարհահռչակ մենակատարների, երաժիշտների հետ: Առջևում հյուրախաղերն են...
«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիրավի երիտասարդական է` դա զգացվում է նաև նրանց կատարման նյուանսներում և այդ երիտասարդական շնչով ու ոգով շատ կարևոր գործունեություն է անցկացնում մեր հանրապետության երաժշտական կյանքում`նվագախմբի կողմից կազմակերպվել են բազմաթիվ փառատոններ, որոնք ներկայացնում են նաև հայ կոմպոզիտորների գեղարվեստորեն արժեքավոր ստեղծագործությունները: Երիտասարդությունը գեղեցիկ բան է` ուժով լեցուն և ունի իր արժանիքները», - mardik.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանը` նշելով, որ կան բոլոր խոստումնալից և հեռանկարային նախադրյալները, որ տարիների ընթացքում մենք կունենանք կատարելագործված նվագախումբ իր երիտասարդ դիրիժորի գլխավորությամբ: Նա կարևորեց, որ նվագախումբն անդրադառնում է հայ երաժշտական արվեստի նշանավոր դեմքերի հոբելյանական տարեցներին, ներկայացնելով նրանց ստեղծագործությունները:
Նշենք, որ նվագախումբը չի մոռանում մանուկների մասին և սերտորեն համագործակցում է նաև «ՍՈՍ» մանկական գյուղեր Հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի երեխաների հետ`հրավիրելով նրանց նվագախմբի բոլոր համերգներին: Այս ամենն ունի մեծ նպատակ`կրթել և զարգացնել երիտասարդության երաժշտական ճաշակը, նպաստել երաժշտասեր հասարակության ընդլայնմանը:
Ինչպես տեղեկացնում են նվագախմբի լրատվական ծառայությունից, առջևում սպասվում են նորանոր զարմանահրաշ համերգներ և, իհարկե, հյուրախաղեր դեպի Ուկրաինա /Օդեսա/ «Օդեսան դիմավորում է ընկերներին» փառատոնի շրջանակներում և Եվրոպական երկրներ` Գերմանիա/ Բեռլին, «KONZERTHAUS» աշխարհահռչակ դահլիճում, Կարլզրուե և Բելգիա/Բրյուսելի, «PALAIS DES BEAUX-ARTS» դահլիճում: Նշենք նաև, որ այս հյուրախաղերը մեծ սիրով և խորին հարգանքով նվիրվում է Հայաստանի անկախության 20 ամյակին: