Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ ընթացիկ տարվա հունիսի 16-26-ը «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը փայլուն մասնակցություն է ունեցել աշխարհի խոշորագույն եւ ամենաճանաչված միջազգային փառատոն-ցուցահանդեսին' «Պրահայի քվադրինալե»-ին: Այն աշխարհի խոշորագույն եւ ամենաճանաչված միջազգային թատերական փառատոնն է բեմական ձեւավորման ոլորտում' բաղկացած երեք մասնաբաժիններից' բեմանկարչություն, զգեստների, լուսային եւ երաժշտական ձեւավորում:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, դա «Հայֆեստ»-ի հերթական նախագիծն էր, որի միջոցով օտար երկրների բնակիչները հաղորդակից դարձան հայկական արվեստի ժանրերին, թատերարվեստին ու հայ թատրոնի պատմությանը, փորձի փոխանակման միջոցով խթանեց ժամանակակից հայ թատրոնի զարգացմանը:
Նախագծի հեղինակ, համադրող Նելլի Բարսեղյանը կարեւորեց այն հանգամանքը, որ Քվադրինալեի գոյության քառասուն տարիների ընթացքում Հայաստանն առաջին անգամ հնարավորություն ստացավ մասնակցելու նման հեղինակավոր փառատոնի, այնպիսի խոշոր երկրների կողքին, ինչպիսիք են' ԱՄՆ-ն, Ճապոնիան, Գերմանիան, Անգլիան եւ այլն: «Քվադրինալեի ընթացքում տեղի ունեցան բազմաբնույթ ցուցադրություններ, սիմպոզիումներ, քննարկումներ, վարպետության դասեր եւ այլն»,-շեշտելով, որ Հայաստանի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների եւ այցելուների շրջանում' հնարավորություն ընձեռելով բացահայտել ու ճանաչել Հայաստանը: «Ի դեպ, այս տարի գրանցվել է այցելուների աննախադեպ թիվ' շուրջ քառասուն հազար»,- շեշտեց Ն. Բարսեղյանը: Նշենք, որ փառատոնն անցկացվում է 1967 թվականի Չեխիայի մշակույթի նախարարության, Եվրամիության եւ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կողմից, Չեխիայի նախագահի հովանու ներքո: Փառատոնն անցկացվում է չորս տարին մեկ անգամ: «Պրահայի քվադրինալե»-ի քառասուն տարիների ընթացքում իրենց աշխատանքներով ներկայացել են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են' Օսկար Նիմեյերը, Տադեուշ Կանտորը, Ժոզեֆ Սվոբոդան, Դավիթ Բորովսկին եւ այլք:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657843/
|