Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ, հունիսի 11-19-ը «Հովեր» պետական կամերային երգչախումբը «Լա Ֆաբրիկա դել Կանտո» փառատոնի շրջանակներում մեծ հաջողությամբ է հանդես եկել Իտալիայում:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, փառատոնին մասնակցել են հայտնի երգչախմբեր ամբողջ աշխարհից, այդ թվում' Հոլանդիայից, Շվեդիայից, Կանադայից, Ինդոնեզիայից, Ավստրալիայից եւ այլ երկրներից: «Մենք ունեցանք 7 համերգ, որոնց ընթացքում կատարեցինք ինչպես Կոմիտասի հոգեւոր եւ աշխարհիկ ստեղծագործությունները, այնպես էլ' համաշխարհային խմբերգային երաժշտության լավագույն նմուշները»,- ասաց Ս. Հովհաննիսյանը' հավելելով, որ երգչախումբը ներկայացել է բազմաժանր երգացանկով: Նրա խոսքով' հայկական կողմի կազմակերպած համերգները մեծ հետաքրքրություն էին վայելում եւ անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում: «Մենք եվրոպացի հանդիսատեսին ներկայացնում էինք մեր յուրօրինակ ոճը, մտածողությունը, նկարագիրը»,- ասաց նա' հավելելով, որ եվրոպական երաժշտությունը հետաքրքիր երեւույթ է, սակայն չափազանց միօրինակ:
Երգչախմբի գեղարվեստական ղեկավարը նաեւ նշեց, որ ամենամեծ քանակությամբ իրենց ձայնասկավառակներն են վաճառվել փառատոնի ընթացքում: «Աշխարհի լավագույն երգչախմբերի շարքին դասվելն այլ խնդիր է, քան վստահության դաշտում կայանալն ու զարգանալը, որը չափազանց պատասխանատու եւ բարդ աշխատանք է: Այդ է պատճառը, որ երգչախումբը, չբավարարվելով ներկայիս իր ձեռքբերումներով, մշտապես ձեռնամուխ է նորանոր աշխատանքների»,- հավաստիացրեց նա' նշելով, որ «Հովեր»-ը սոսկ երգչախումբ չէ, այլ' մտածողություն:
Նա նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ խումբը պետք է ունենա ներքին բովանդակություն, ուրախություն, հակառակ դեպքում' այն կործանված է:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657157/
|