Հանրապետության հրապարակում՝ մետրոյի հարևանությամբ, հյուրանոց կառուցելու շուրջ խոսակցությունները մամուլում քննարկման լայն առարկա են դարձել։ Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն ասաց, որ քաղաքաշինության և Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող մետրոյի այսօրվա վիճակն իրեն չի բավարարում։
«Ես դրական կարծիք ունեմ մետրոյի, Նալբանդյան և Արամի փողոցների եզրագծով մի կառույց ունենալուն, որով կեզրագծվի տվյալ թաղամասը, և ավելի կուռ կդառնա մեր կառուցապատումը»,- ասաց Ա. Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ այս պահի դրությամբ դրական կարծիք ունի մետրոյի հարևանությամբ վեր խոյանալիք հյուրանոցի կառուցման վերաբերյալ։
«Համոզված եմ, որ հեղինակները լավագույնս կանեն։ Հյուրանոցի կառուցումը մետրոյին բացարձակապես չի խանգարում»,- նշեց ճարտարապետը, որի համար անընդունելի է այն, որ մետրոյի երեսպատված քարերը քանդվել են սխալ քար ընտրված լինելու պատճառով։
Այն հարցին, թե ինչո՞ւ են հենց այդ վայրում հյուրանոց կառուցելու, նա պատասխանեց, որ պատվիրատուն եթե հյուրանոց է ուզում, թող կառուցի՝ պահպանելով բոլոր նորմերը։
«Եթե ճիշտ, գեղեցիկ լուծվեց, նշանակում է՝ կարող է լինել կառավարական շենքի բարձրությանը համապատասխան, բայց ոչ երկնաքեր»,- ընդգծեց ճարտարապետը։
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_society_27770.html
|