Չորեքշաբթի, 04.12.2024, 12:27
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Իմ չափ արժանիք ոչ ոք չունի
01:34
Իմ չափ արժանիք ոչ ոք չունի
Ջիվան Գասպարյան
Առաջիկայում նախատեսվում է Երեւանի Աբովյան փողոցում տեղադրել դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի, Վաչե Հովսեփյանի ու Լեւոն Մադոյանի արձանները: Անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացնելու է Ջիվան Գասպարյանը։

Այս մասին երեկ մեզ փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Իսկ արդեն հուշարձանի պատվանդանի շինարարության եւ բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման հարցերը հոգալու է քաղաքապետարանը։ Նշենք, որ երեք երաժիշտներին նվիրված հուշարձանային այս համախումբը Երեւանի քաղաքապետի որոշմամբ նախատեսված է եղել տեղադրել դեռեւս 2008-ին: Դրա համար ընտրվել է մայրաքաղաքի Աբովյան 21 շենքի դիմաց գտնվող պուրակային հատվածը («Փարիզյան սուրճ» սրճարանի մոտակայքում): Քաղաքապետի այս որոշումը, սակայն, այդպես էլ կյանքի չի կոչվել, քանի որ այն ժամանակ հայտարարված մրցույթին ներկայացված 6 աշխատանքներից եւ ոչ մեկը հաղթող չի ճանաչվել:

«Ներկայացված աշխատանքներին գեղագիտական առումով մրցույթի պահանջներին չբավարարելու պատճառով մրցանակային տեղեր չշնորհվեցին», - ասում են քաղաքապետարանից։ Իսկ այժմ քաղաքապետի մի նոր որոշում է պատրաստվում, համաձայն որի` հուշարձանային համախումբը կտեղադրվի Աբովյան փողոցի մեկ այլ հատվածում` թիվ 32 շենքի դիմացի պուրակում («Փարիզյան սուրճ»-ի դիմացի մայթին): Այստեղ ավելի նպատակահարմար են գտել ազատ տարածքի պատճառով: Նաեւ նոր մրցույթ կհայտարարվի: Իսկ թե որքան գումար կպահանջվի դուդուկահարներին նվիրված հուշարձանը կանգնեցնելու համար, դեռեւս հայտնի չէ:

Խոսելով հուշարձանների եւ դրանց ֆինանսավորման խնդիրների մասին, դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը երեկ մեզ ասաց. «Դեռ չգիտեմ, կամ ես անձամբ կֆինանսավորեմ, կամ թե չէ` որոշ մարդիկ, հովանավորները: Ինձ խոստացել է «Տաշիրի» Սամվելը, որ այդ արձանների գումարը կտա: Ասել է` քո խաթրի համար, քո հարգանքի համար, քո արվեստի համար ես կվճարեմ: Ես գաղափար չունեմ` ինչքան գումար կպահանջվի, արձանը նոր պիտի սարքեն, կարող է` հեղինակներն այնպիսի մարդիկ լինեն, որ փող էլ չվերցնեն»: Դուդուկահարը նաեւ նշեց, որ այդ արձանները պետք է տեղադրվեին իր 80-ամյա հոբելյանի առթիվ, եւ որ դրա համար թույլտվություն տրամադրելով` իշխանությունն իրեն նվեր է արել: Մեր հարցին, թե ում է պատկանում նախաձեռնությունը, նա պատասխանեց. «Դա իմ առաջարկությունը չի եղել: Դա եղել է սփյուռքի կողմից, Ռուսաստանի մարդիկ ասել են` մենք փող կտանք, վարպետի արձանը դրեք Հայաստանում, որովհետեւ ամբողջ աշխարհին մեզ ներկայացրել է այդ գործիքով: Քաղաքապետարանը թույլատրել է, որ Աբովյան փողոցի վրա, քանի որ ես ծնվել, մեծացել եմ այդտեղ, տարածք հատկացնեին երեք երաժիշտներիս արձանները դնելու համար: Էդքան բան»:

Ջիվան Գասպարյանը նկատեց, որ ինքն արժանի է Երեւանում արձան ունենալու` թվարկելով իր կոչումներն ու մրցանակները, ինչպես նաեւ այն, որ Երեւանի պատվավոր քաղաքացի է: «Կարաբալայի չափ է՞լ չկամ, - հարց բարձրացրեց նա եւ ավելացրեց:- Ես այնքան արժանիքներ ունեմ, որ Հայաստանում ոչ մեկը չունի... Էլ ի՞նչ պիտի լինեի, որ հետագայում մեր արձանը դնեին: Նախ` մեղք չե՞ն Լեւոն Մադոյանը եւ Վաչե Հովսեփյանը, որ մահացել են, իրենց արձանը չկա դրած մինչեւ հիմա: Նրանք մարդ չե՞ն եղել, թե՞ արժանի չեն եղել: Ես իմ արձանը չեմ դնում: Իմ արձանը որ դնեմ, իմ տանը կդնեմ կամ գերեզմանիս վրա»,- հավելեց դուդուկահարը:

Ինչ վերաբերում է նախորդ մրցույթի ժամանակ ներկայացված աշխատանքներին, ապա Ջիվան Գասպարյանը դրանք չէր հավանել: «Ես նայել եմ, ես չեմ ուզում, որ գերեզմանոցի բան դառնա: Ուզում եմ, որ կուլտուրնի լինի, մարդիկ նայեն, աշխատանք տեսնեն, ոնց որ Ֆրունզիկին, մյուսներին են դրել: Թույլ աշխատանքներ էին»,- ասաց: Ի դեպ, այնպես չէ, որ Ջիվան Գասպարյանն Աբովյան փողոցում միայն իր եւ մյուս դուդուկահարների արձաններն է ուզում տեղադրված տեսնել: Նա նաեւ ցանկանում է, որ այդտեղ մեր մյուս մեծերի արձանները նույնպես կանգնեցվեն: Այդ հարցով անգամ դիմել է Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին: «Ես առաջարկել եմ մեր բոլոր լավ բանաստեղծների, արժանապատիվ, աշխարհահռչակ բոլոր մարդկանց արձանները դնեն Աբովյան փողոցի վրա, դառնա տուրիստական քաղաք: Իրենք շատ լավ ընդունել են: Ասացի` ինչո՞ւ եք միայն իմ, Վաչե Հովսեփյանի, Լեւոն Մադոյանի մասին մտածում: Իրենք շատ ուրախացան, ասացին` այդպես էլ կանեն»,- պատմում էր նա:

Ի դեպ, վարպետը բավական սրտնեղում էր սեփական հուշարձանը տեղադրելու թեմայի շուրջ զրույցի ընթացքում, իսկ ի վերջո նյարդայնացավ եւ հայտարարեց. «Քիչ է մնում մարդ զզվի, թողնի հեռանա քաղաքից»:

Աննա Զախարյան


Աղբյուր`http://www.armtimes.com/26904

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 846 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ջիվան Գասպարյան, Վաչե Հովսեփյանի, Ջիվան Գասպարյանի, Լեւոն Մադոյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0