Այս անգամ կներկայացնենք երգչուհիներ Արմինկայի, Անահիտ Սիմոնյանի, երգիչ Հայկոյի, Անդրեի եւ երգահան ԴերՀովայի բիզնեսները:
Արմինկան ու քույրը կարողանում են իրենց ընտանիքը ըստ արժանվույն պահել...
Նունե Եսայանից բացի, արդեն մեկ տարի է, ինչ գեղեցկության սրահ ունի նաեւ երգչուհի Արմինկան եւ նրա քույրը (Նունե Եսայանը արդեն 10 տարի է` ունի իր վարսավիրանոցը-NEWS.am): Այդ մեկ տարվա ընթացքում Արմինկայի խոսքով` այցելուների թիվը կրկնապատկվել է, ինչից երգչուհին գոհ է եւ այն համարում է «բավականին եկամտաբեր աշխատանք»:
«Վարսավիրանոց ունենալը այնքանով է եկամտաբեր, որ դու ունես տարիների փորձ եւ հավատարիմ այցելուներ: Վարսավիրանոց բացելը մեկ օրում չի որոշվել. Այն իսկապես, շահութաբեր բիզնես է, հատկապես, եթե կարողանաս բիզնեսը ճիշտ աշխատեցնել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմինկան: Վարսավիրանոցի հաճախորդների շարքում են շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ, հաղորդավարներ, քաղաքական գործիչներ, բժիշկներ եւ այլն:
Արմինկան նաեւ պատմեց, որ վարսավիրանոց բացելը եղել է քրոջ գաղափարը, ով հայտնի վարսահարդար է եւ ունենալով բազմամյա փորձ` մտածել է, որ ժամանակն է սեփական վարսավիրանոց ունենալու: Իսկ ահա վարսավիրանոցը կոչվում է «Արմինկա», քանի որ, նրա խոսքով, «դա բիզնեսի տեսակետից շատ ճիշտ էր եւ բազմաթիվ հաճախորդներ կբերեր»: Վարսավիրանոցի գործերով զբաղվում է հիմնականում քույրը:
Երգչուհու խոսքով` հարկայինում իրենց բիզնեսին զիջումներ չեն անում: «Մենք չենք սիրում ոչ մեկի ոչ մի բան խնդրել, դրա համար կատարում ենք բոլոր անհրաժեշտ վճարումները»,- նշեց նա: Արմինկան իր անունը կրող վարսավիրանոցում լինում է այցելուի կարգավիճակով, սակայն ընտանեկան բիզնեսից օգտվելիս չի վճարում: «Քույրիկս իմ մազերը հարդարի ու ես դրա համար գումա՞ր վճարեմ»,- ասաց նա:
Արմինկան մեզ հետ զրույցում բացեց նաեւ ընտանիքի ֆինանսական գաղտնիքները. «Մեր ընտանիքում կա այսպիսի չգրված օրենք` ամեն ինչ ընդհանուր է, անկախ նրանից` ով ինչքան գումար է վաստակել տվյալ ամսվա ընթացքում, դա գալիս է ընտանեկան բյուջե եւ բոլորի համար է, ծախսում ենք ընդհանուր»,- ասաց նա: Արմինկան այժմ ավելի շատ գումար վաստակում է հյուրախաղերի շնորհիվ, քանի որ շոու բիզնեսը «ոչ ստաբիլ վիճակում է»: Իսկ քանի որ նա այժմ զբաղված է իր բալիկին մեծացնելով, ապա հասցնում է ամսական մեկ անգամ հյուրախաղերի գնալ եւ դժգոհ չէ. «Այսօրվա դրությամբ մենք երկու քույրիկով կարողանում ենք մեր ընտանիքը ըստ արժանվույն պահել»:
Երգահան ԴերՀովայի ռեստորանում «Իմ ախպերս» չեն երգում
2008 թ.-ին «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոյի «Քելե-քելե» երգի երաժշտության հեղինակ, կանադահայ երգահան ԴերՀովան կամ Հարութ Տեր-Հովակիմյանը Չարենցի 28-հասցեում գտնվող ռեստորանի բաժնետերերից է: NEWS.am-ի հետ զրույցում ԴերՀովան ասաց, որ, իրեն միշտ հետաքրքրել է «lounge-ի բիզնեսը», դրա համար էլ երբ սփյուռքահայ ընկերներն առաջարկել են ռեստորան հիմնել, մեծ հաճույքով համաձայնել է: «Հիմա ռեստորա՞նն է քեզ պահում, թե՞ երգը» հարցին նա պատասխանեց. «Երգն է ինձ պահում: Ռեստորանի աշխատանքն ավելի ծանր է, ամեն օր պետք է ամեն ինչ թարմ լինի, չգիտես` այսօր կարող է շատ մարդ լինի, վաղը` քիչ, ահավոր մեծ աշխատանք է, դրա համար մենակ չես կարող անել, դրա համար էլ կան փայատերեր»,- պատասխանում է ԴերՀովան: Մյուս ռեստորաններից «Չարենցի 28»-ը տարբերվում է դիզայնով. գերակշռում է սպիտակ գույնը, հնչող երաժշտությունն էլ ընտրում եւ հավաքում է ինքը` նախընտրելով տարբեր ազգերի էթնիկ երաժշտություն: Կերակրացանկը ներառում է տարբեր խոհանոցներ, այդ թվում` արեւմտահայկական, հունական, արաբական, իտալական, թաիլանդական եւ այլն: Երգահանի խոսքով` իր ռեստորանում միջավայրը հանգիստ է, չնայած կենտրոնում է գտնվում, բայց շատ քողարկված վայրում է, դրա համար էլ այցելուների մեջ մեծ թիվ են կազմում շոու բիզնեսի աստղերը, պատգամավորները, քաղաքական գործիչները, բիզնեսմեններ եւ այլ հայտնի անձինք, ովքեր չեն ուզում աչքի ընկնել:
Անահիտ Սիմոնյանն էլ է որոշել դառնալ «business woman»
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը` երգիչ Հայկոյի կինը, ծրագրում է բացել «SPA կենտրոն», որտեղ կլինի վարսավիրանոց, մերսման սրահ եւ այլն: Նա դեռ չի մտածել անունը, իսկ կենտրոնը բացելու աշխատանքները նախապատրասատական փուլում են: Եթե Աստված հաջողություն տա, ապա մեկ տարի հետո Անահիտ Սիմոնյանը եւս կհամալրի «բիզնեսի տեր աստղերի» շարքը, իսկ քաղաքացիները կկարողանան օգտվել նրա կենտրոնի ծառայություններից:
Հայկոն երկու բիզնեսով է զբաղվում
Երգիչ Հայկոն երկու բիզնես-գործունեությամբ է զբաղվում` «DesignDeLuxe» ամսագիրը եւ «H» ձայնագրման ստուդիան: Մեկ տարի է` ինչ հրատարակվում է ամսագիրը եւ երգչի խոսքով` մեծ հաջողությունների են հասել, ամսագիրը դրված է քաղաքի լավագույն վայրերում ինչպես Երեւանում, այնպես էլ` Մոսկվայում:
Թեեւ երգիչը ամսագրի համահիմնադիրն է, բայց շատ քիչ է հասցնում դրանով զբաղվել, նույնիսկ ամսագրի վաճառքի գինը չգիտեր. «Դե, իհարկե, եկամուտ ապահովում է, բայց ընդհանրապես եթե ամսագիրը մեկ տարի գոյություն է ունենում, ուրեմն նրա մոտ ամեն ինչ լավ է, ամսագիր ունենալը նաեւ ծախսատար է»:
Արդեն երկու տարի է` գոյություն ունի «H» ձայնագրման ստուդիան, որը երգչի բնորոշմամբ` քաղաքի լավագույն ստուդիաներից է` ապահովված լավագույն սարքավորումներով: Ստուդիայում մեկ ժամ ձայնագրությունն արժե 8000 դրամ: Այժմ Հայկոն ավելի շատ եկամուտ ստանում է գործիքավորումից եւ տարբեր ֆիլմերի համար երաժշտություններ գրելուց: Ինչ վերաբերում է նրա կնոջ` Անահիտ Սիմոնյանի` «business woman» դառնալուն եւ գործարարությամբ զբաղվելուն, ապա նա նշեց, որ միայն ուրախ է դրա համար. «Շատ նորմալ եմ վերաբերում, կանայք էլ մեր նման ուզում են ապրել, ստեղծագործել, աշխատել: Ավելի ուրախ կլինեմ, որովհետեւ երբ կանայք զբաղված են լինում, ավելի քիչ են զբաղվում իրենց ամուսիններով` հետեւելու առումով եւ դա շատ ողջունելի է»,- ծիծաղելով ասաց Հայկոն:
Աստղային երազանքները իրականանում են. Անդրեի ջինսային բիզնեսի մասին
Դեռեւս 2005թ-ին Անդրեն ցանկություն էր հայտնել իր անունով բրենդ ունենալ եւ ինչպես տեսնում ենք` աստղային երազանքները իրականանում են: 2010-ին ԱՄՆ-ում տրված մի հարցազրույցի ժամանակ նա ասել է իր վաղեմի երազանքի մասին, որից 10 ամիս անց ամերիկյան «Devine Luv» բրենդի կողմից առաջարկ է ստացել համատեղ ջինսային հավաքածու ստեղծելու մասին, որը կոչվում է «anDrenaLine»:
Անդրեն առաջարկն իրականացնելու համար իրեն «գործընկեր» է ընտրել Ֆաինա Հարությունյանին եւ երկուսով սկսել են աշխատանքները հունվար ամսից: Քանի որ Անդրեն շատ զբաղված էր եւ չկարողացավ մեզ հետ զրուցել, մենք զրուցեցինք դիզայներ Ֆաինայի հետ: Նա պատմեց, որ այցելել են հոնկոնգյան մի գործարան, ընտրել ջինսերն ու համապատասխան ատրիբուտները, արդեն պատրաստ են Անդրեի ջինսային բիզնեսի փորձնական տարբերակները: «anDrenaLine by Devine Luv»-ը սկզբնական շրջանում կվաճառվի ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում վաճառվելու համար դեռ ադմինիստրատիվ որոշակի աշխատանքի անհրաժեշտություն կա: «Դա դեռ բիզնես չէ, դեռ փորձեր են, դեռ գումար չենք վաստակում, առաջին քայլերն ենք անում»,- մեզ հետ զրույցում ասաց դիզայները: Թե որքան է մեկ ջինսե տաբատը`«anDrenaLine»-ից, Ֆաինան չնշեց: