Այս տարի մեր «Ոսկե ծիրանը» կարծես խախտեց «հերթապահ» ֆիլմերի եւ կիսադատարկ դահլիճների տխուր ավանդույթը, եւ դա հիմնականում այն բանի շնորհիվ, որ թե բացման ֆիլմն էր ընտրված շատ ճիշտ եւ թե ցուցադրվեցին Կաննի ու Բեռլինի հաղթող ֆիլմեր: Դրանցից երկուսի վրա կցանկանայինք առանձնակի կանգ առնել:
Չնայած իրանցի Աբաս Քիարոստամին առաջին անգամ չէ Հայաստանում, սակայն թերեւս առաջին անգամ է ցուցադրվում նրա` համաշխարհային համբավ ձեռք բերած ֆիլմը:
«Վավերացված պատճենը» նրա առաջին ֆիլմն է, որ նկարահանել է իր երկրից դուրս, եւ ֆիլմը դիտելիս այդ փաստը միանգամայն օրինաչափ ես համարում. ինչպե՞ս կարող էր նման ազատ մտածողությամբ, իրականության սուբյեկտիվ ընկալման վրա «հենված» ֆիլմը նկարահանվել Իրանի պես անազատ, արգելքների ու կապանքների մի ողջ համակարգ հիշեցնող երկրում:
Ճիշտ է, ինքը` Քիարոստամին այդ մասին մի փոքր այլ բացատրություն ունի, սակայն դա այս պահին մեր խնդրո առարկան չէ:
Երկրորդ ֆիլմը, որն ուղղակի ցնցում է առաջացրել երեւանյան կինոհանդիսատեսի մոտ, Լարս ֆոն Թրիերի աղմկահարույց «Մելանհոլիան» է: Նախ, ուրախալի էր Երեւանում վերջապես նման լեփ-լեցուն կինոդահլիճ տեսնել՝ այն էլ արժեցող, լուրջ ֆիլմ դիտելու առիթով:
Երբ հոգուդ վրա անբուժելի մելամաղձություն է իջել, պետք չէ պատրվակ բռնել երկրագնդի հետ բախվող «Մելանհոլիա» (բնականաբար` հնարածին) մոլորակը. միեւնույն է` աղետն անխուսափելի է. ըստ իս՝ սա է ֆիլմի փիլիսոփայության «մեխը»:
Մենք հիշում ենք, որ ֆիլմի բեմադրիչ Թրիերն այս տարի վտարվեց Կաննից` իր թույլ տված հակահրեական արտահայտության համար (այդ մասին մեր թերթն իր նախորդ համարներում գրել է), սակայն դա չխանգարեց ֆիլմի գլխավոր դերակատարուհի Կիրստեն Դանստին ստանալ լավագույն դերակատարուհու համար մրցանակը, ընդ որում` ֆիլմը դիտելուց հետո հասկանում ես, որ միանգամայն արդարացի:
Ահա եւ ֆիլմերն առցանց`
http://kinobaza.tv/film/788000/ԾպսՈվւՏսՌÿ_2011
http://kinobaza.tv/film/342687/ԽՏտՌÿ_ՉպՐվՈ_2010
Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/16/voske-cirani-matucmamb/
|