«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը իր հերթական անակնկալն է մատուցում հանդիսատեսին. երևանյան պրեմիերաներ շարքում թուրք հանրահայտ ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը անձամբ կներկայացնի իր՝ Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր՝ «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը:
Նուրի Բիլգե Ջեյլանին մեծ հռչակ է բերել իր առաջին կինոնկարը՝ Կաննում ներկայացված «Օտարացում» ժապավենը:
«Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի գլխավոր հերոսը Անատոլիայում բնակվող բժիշկ է: Ֆիլմում ներկայացված են նույն քաղաքի տարբեր բնակիչների մասին պատմություններ: Ըստ ռեժիսորի` կյանքը փոքր քաղաքում նման է տափաստաններում շրջելուն. շարունակ թվում է, թե «նոր ու անսովոր բան» կլինի բլրի հետևում, բայց միշտ հար և նման, մի տեղ տանող, անհետացող կամ երկարուձիգ, միապաղաղ ճամփաներ են… Կերպարներին դնելով անսովոր իրավիճակների մեջ՝ Ջեյլանը հաճախ էքսցենտրիկ լուծումներ է առաջարկում հանդիսատեսին՝ ցույց տալով կյանքի թե՛ լուսավոր, թե՛ դաժան կողմերը:
«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը` շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների` ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության` որպես գլխավոր հովանավոր, և ՀՀ մշակույթի նախարարության` որպես պետական աջակից: