Գլխավոր » 2011»Հուլիս»23 »
Կաթողիկոսը՝ Սանահինի մասին. Սամվել Կարապետյանը պնդում է, Տեր Վահրամը՝ հերքում (տեսանյութեր)
15:13
Կաթողիկոսը՝ Սանահինի մասին. Սամվել Կարապետյանը պնդում է, Տեր Վահրամը՝ հերքում (տեսանյութեր)
Այսօրվա մամուլի ասուլիսում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը վերահաստատեց իր այն հայտարարությունը, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սանահինի վանքի վերանորոգման վերաբերյալ ասել է. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»:
Սամվել Կարապետյանի խոսքերով՝ 2006թ. ինքը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հիմնադիր, ճարտարապետ, արդեն հանգուցյալ Արմեն Հախնազարյանի հետ հանդիպել է Գարեգին Երկրորդին՝ հայկական հուշարձանների մասին զրուցելու նպատակով: Հանդիպմանը, այս երեք հոգուց բացի, այլ մարդ ներկա չի եղել:
Գարեգին Երկրորդն ասել է, որ «84 օբյեկտ ենք կառուցում, բեղուն շինարարական տարի է»: Արմեն Հախնազարյանն ասել է, որ հասկանում է մանավանդ խորհրդային տարիներին ստեղծված բնակավայրերում, օրինակ՝ Աբովյան քաղաքում, նոր եկեղեցիներ կառուցելու կարիքը, «բայց կխնդրեինք, որ հնարավորինս ուշադրություն դարձնեք մեր միջնադարյան հուշարձաններին. Սանահինի պես վանքի տանիքին անտառ է աճել»:
«Վեհափառին դուր չեկավ, դա ակնհայտ էր, որովհետև ուղղակի խոժոռվեց հայացքով և ձեռքը պարզեց այդ պահին և ասաց. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»»,- նշեց Սամվել Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ այնուհետև Գարեգին Երկրորդն ասել է, որ թույլ չի տա, որ մի քար ընկնի Գեղարդավանքի, Խոր Վիրապի, Սբ. Էջմիածնի Մայր տաճարի վրայից, և կրկնել. «Իսկ էդ սարերի վրա եղած վանքերի հետ ես գործ չունեմ»:
Սամվել Կարապետյանի խոսքերով՝ այդ հանդիպման ժամանակ Արմեն Հախնազարյանն այլևս չի խոսել Սանահինի մասին, և զրույցը շարունակվել է՝ այլ հուշարձաններին անդրադարձով:
Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Մելիքյանը, հերքեց Սամվել Կարապետյանի խոսքերը: Լրագրողները հարցրին, թե արդյոք հերքելով՝ Տեր Վահրամն իր անձնական կարծի՞քն է արտահայտում: Տեր Վահրամը պատասխանեց, որ ասուլիսին մասնակցում է՝ որպես Վահափառ Հայրապետի մամուլի խոսնակ, և հետևաբար լրագրողներին հայտնում է Կաթողիկոսի խոսքը և պնդումը:
«Ճիշտ է՝ պրն Կարապետյանը նշում է, որ բառ առ բառ է վկայակոչում, բայց փոքր-ինչ կասկածի եմ ենթարկում դա, որովհետև, այո, այդ ժամանակ 80-ից ավելի շինարարություններ ընթանում էին տարբեր սրբավայրերում և տարբեր այլ պատմական շինություններում, որոնք գտնվում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տարածքում, և Մայր Աթոռից դուրս՝ Հայաստանով մեկ, բայց Վեհափառ Հայրապետը երբեք «օբյեկտներ» չի անվանում, իր բառապաշարի մեջ չկա «օբյեկտներ» անվանել սրբավայրերի շինարարությունները և նորոգման աշխատանքները»,- ասաց Տեր Վահրամը:
Նրա խոսքերով՝ այդ զրույցի ժամանակ Կաթողիկոսը խոսել է առաջնահերթության մասին, բայց երբեք չի անտեսել որևէ հուշարձան: Եվ դրանից դրդված՝ Գարեգին Երկրորդն ասել է, որ առաջնահերթ իրականացվում է այնպիսի սրբավայրերի հոգածությունը, ինչպիսիք են Գեղարդավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Խոր Վիրապը, քանի որ դրանք կապված են հայ ժողովրդի պատմության ընթացքում որոշակի նվիրական իրողությունների հետ: «Բայց դա չի նշանակում, որ մյուսներ վանքերը անտեսվում են»,- ասաց Տեր Վահրամ Մելիքյանը:
Սամվել Կարապետյանն արձագանքեց, որ Գարեգին Երկրորդը Սանահինի վերաբերյալ վերոհիշյալ արտահայտությունն արել է ոչ թե մեկ անգամ է, այլ կրկնել է՝ շեշտելու համար:
Տեր Վահրամի խոսքերով՝ Մայր Աթոռը 100-ից ավելի վանք և պատմական եկեղեցի է մասնակի կամ ամբողջությամբ նորոգել մինչ այսօր, սակայն բոլոր վանքերն ու եկեղեցիները նորոգելու միջոցներ չունի, և պետական հոգածության կարիք կա:
Թեև Սանահինի վանքը, կառավարության որոշմամբ, Մայր Աթոռին է հանձնվել 2006-ին, սակայն սեփականաշնորհման վկայականով հանձնվել է այս տարի: Տեր Վահրամ Մելիքյանի հավաստիացմամբ՝ դեռ 2005թ. Կաթողիկոսը հայթայթել էր Սանահինի վերանորոգման համար անհրաժեշտ միջոցները, պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Հայաստանի էլեկտրացանցերի» տնօրեն Եվգենի Գլադունչիկի հետ, որ իրենց միջոցներով վանական համալիրը նորոգվեր:
«Բայց Գագիկ Սողոմոնյանը, որը խորհրդային տարիներին Սանահինի վերականգնման նախագիծը արդեն իսկ պետական պատվերով պատրաստել էր, որոշեց, որ այն պետք է վաճառի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին և «Հայաստանի էլեկտրացանցերին» 150 հազար դոլարով, ինչով որ կասեցվեց այդ ամբողջ ծրագրի իրականացումը, և հետագային հնարավոր չեղան Սանահինի համալիրի նորոգության աշխատանքները: Երկրորդը՝ տնօրենի փոփոխություն տեղի ունեցավ, և բանակցությունները չշարունակվեցին»,- ասաց Տեր Վահրամը:
Նրա խոսքերով՝ եկեղեցուն կից տարբեր կառույցներ հաճախող երիտասարդները պարբերաբար այցելում են վանքեր ու եկեղեցիներ և մաքրում դրանք: Սակայն դժվար է գմբեթների ու թեք հարթությունների վրա աճած բույսերը մաքրելու հարցը, քանի որ բույսը պոկելով՝ խնդիրը չի լուծվում, այլ կարիք կա գմբեթը մշակել նյութերով, երբեմն նույնիսկ ամբողջությամբ քանդել այն ու հավաքել վեղարը: Սա պահանջում է որոշակի ներդրումներ, որոնք մինչ այժմ հնարավոր չի եղել ապահովել: