Սոֆյա Ալեքսանդրովնա Դանիելբեկ՝ շուշեցիների ընտանիքում ծնված, ժամանակին Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում բնակված հայ կին: Լուսանկարից տխուր աչքերը նայում են անխաղաղ լարվածությամբ` փոքր-ինչ քողարկելով ներքին տագնապն ու ազնվական վեհությունը: 1945 թվական. մարդկության նոր ծննդականի տարեթիվը, որի սղմանը մասնակից դարձավ շուրջ 3 հարյուր հազար զոհված հայ զինվոր` էական ու զգալի մի կորուստ փոքրաքանակ ազգի համար: Գրական աշխարհի ամենահայտնի կազակի՝ Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոնը», վեպ, որը, ըստ Նաբոկովի, ստեղծված էր էմիգրանտ ռուսների բերանացի ընթերցանություն բավարարելու համար, ովքեր «խանդավառված էին ստվարաթղթե Դոնի կազակներով», մինչեւ հիմա էլ իր ստեղծման շուրջն ավելի մեծ աղմուկ է բարձրացրել, քան հենց բնագիրը:
Հայ կնոջ առնչությունը «Խաղաղ Դոնը» վեպի ու վեպի հեղինակի հետ հերթական ու չբացահայտված առեղծված չէ: Այստեղ երկու ուշագրավ նամակներ ամեն ինչ հայելում են: Հետաքրքիր է` ինչպե՞ս եւ ի՞նչ պայմաններում է Սոֆյան մեկը մյուսի ետեւից հաղթահարել վեպի բոլոր տաղտուկ հատորները: Դժվար է անգամ պատկերացնել, որ այս գեղեցկադեմ կնոջը բավարարած լինեն «Խաղաղ Դոնի» էսթետիկական որակները` առաջին աշխարհամարտում եւ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ կազակական կեցության, պայքարի, խաղաղ արձակի ոճով պատումի իբր էպիկականությունը` ստեղծված չափազանց երիտասարդ տարիքում, որի ձեռագրի հեղինակային իրավունքի հարցն առայսօր վիճարկվում է: Հիմա` սպիտակգվարդիական սպա, մեկ այլ կազակ-արձակագիր Կրյուկո՞վ, թե՞ Շոլոխով, որ, վերջին բացահայտումներով, չորս հատորանոց վեպը գրել է յոթ տարեկանից սկսած:
Խճճված ու անհաջող պատմություն: Ինչեւէ, «Խաղաղ Դոնում» տեղ գտած հայ հացթուխ Գեւորգյանցի դրվագն է, որ ստիպել է Սոֆյային նստել ու նամակներ գրել ապագա Նոբելյան մրցանակի դափնեկրին` վիճարկելով նրա մարդկային ու գրողական «ճշմարտացիության զգացողությունը»:
«Խաղաղ Դոնի» երկրորդ հատորի հինգերորդ մասում տեղ գտած հատվածներից մեկում Ռոստով քաղաքում տեղի է ունենում այսպիսի մի իրադարձություն. կոմունիստ դարձած կազակները մարտնչում են սպիտակգվարդիականների դեմ: Նրանց ջոկատները համալրվում են տարբեր ազգություն ու տարբեր մասնագիտություն ունեցող՝ գլխավոր շտաբի կողմից ուղարկված նորեկներով, որոնցից մեկը հայ հացթուխ Գեւորգյանցն է: Մարտից առաջ նորեկներին սովորեցնում են «Մաքսիմ» գնդացիր բանեցնելու կանոնները: Փաստորեն, գլուխ չի հանում միայն հայ «լղար» հացթուխը. «Բոլորն էլ հեշտությամբ էին յուրացնում, բացի հացթուխ Գեւորգյանցից:
Սրա գործը գլուխ չէր գալիս, որքան էլ Բունչուկը ցույց էր տալիս գնդացիրը քանդելու կանոնները, Գեւորգյանցը ոչ մի կերպ չէր կարողանում դրանք պահել հիշողության մեջ, շփոթում էր, կորցնում ինքն իրեն ու ասում.
- Ինչո՞ւ բան դուրս չի գալիս: Է-է, չեղավ… ես եմ մեղավոր… հարկավոր էր սա այստեղ դնել: Էլի՛ չեղավ…- հուսահատությամբ բացականչում էր նա:- Ինչու, է:
- Ինչո՞ւ, հա, ինչո՞ւ,- նրա տնազն էր անում թխադեմ, ճակատի ու այտերի վրա վառոդի մուգ կապտավուն բծեր ունեցող Բոգովոյը: – Բան դուրս չի գալիս, որովհետեւ դու դդում ես: Այ թե ոնց պիտի անել,- ցույց էր տալիս նա` տվյալ մասը վստահությամբ դնելով իր տեղը…
Միայն Գեւորգյանցն էր ետ մնում, հաճախակի լսվում էր նրա կերկերուն, ջղայնոտ ձայնը.
- Էլի՛ չեղավ: Ինչու՝ չգիտեմ:
- Այ քեզ ավանակ, այ քեզ ավանակ: Ամբողջ Նախիջեւանում մի հատ է, – վրդովվում էր խոնավ շրթունքներով եւ բարկացկոտ հույն Միխալիդին:
- Այդքա՞ն էլ մարդ դմբո լինի,- ավելացնում էր զուսպ Ռեբինդերը:
- Այստեղ քեզ համար բուբլիկ թխելու տեղ չի,- փնչում էր Խվիլիչկոն, ու բոլորն էլ բարեսրտությամբ ծիծաղում էին»:
Սրանք այն հատվածներն են, որտեղ արտացոլվում է ռազմական գործերում փորձ չունեցող հացթուխի անճարակությունը: Շուտով իսկական կազակական ավյունով բռնկված մարտում հացթուխ Գեւորգյանցը, որ այդպես էլ կարճ ժամանակում չի կարողանում սերտել կրակելու ու սպանելու արվեստը, ակնհայտ վախկոտություն ու թափթփվածություն է դրսեւորում.
«… նապաստակի ցատկումներով մոտենում էր Գեւորգյանցը, ընկնում իր վերեւից թռչող յուրաքանչյուր գնդակից, ախ ու վախով դիմում Բունչուկին.
- Բան չի դուրս գալիս… Չեմ կարողանում կրակել…»: «- Ժապավենները, որտե՞ղ ես ճխտել… Անասո՛ւն… ցեխո՛տ փալաս… Բունչուկ, Բունչուկ, ռա՛դ արա դրան, թե չէ կսատկացնեմ»:
Ահա Սոֆյայի նամակը Շոլոխովին
«Ընկե՛ր Շոլոխով
Պատերազմից առաջ` 1941 թվականի հունիսին գրել էի Ձեզ «Խաղաղ Դոնը» Ձեր վեպի մի կետի վերաբերյալ: Երկար սպասեցի ուղերձիս (որի կրկնօրինակը կցում եմ) պատասխանին, բայց այդպես էլ այն չստացա. դրանում արծարծված հարցը ԽՍՀՄ Գրողների միության պլենումում քննարկելու ցանկություն էլ կար: Սակայն պատերազմական իրավիճակում անհարմար էր զբաղվել գրական խնդիրներով:
Այժմ պատերազմը փառահեղորեն ավարտված է, եւ ես կրկին դիմում եմ Ձեզ այդ նույն ցավագին հարցով: Ես դիմում եմ ճշմարտացիության Ձեր զգացողությանը` խորին համոզմամբ, որ Դուք գիտակցում եք, թե ինչ սխալ եք գործել` ի դեմս Գեւորգյանցի ստեղծելով վախկոտ ու կրետին հայի մի կերպար: Պատերազմը հակառակն ապացուցեց Ձեզ: Հազարավոր հայ հերոսներ են նահատակվել հանուն մեր Մեծ հայրենիքի, հազարավոր հայ հերոսներ են աչքի ընկել ոսոխի դեմ պայքարում, եւ նրանք աղաղակում են դեգեներատ Գեւորգյանցի տեսակին նրանց դասելու դեմ: Այդ իսկ պատճառով, սիրելի՛ ընկեր Շոլոխով, շտկե՛ք այդ թյուրիմացությունը:
Հայ հասարակությունը կբավարարվի, եթե «Խաղաղ Դոնի» հաջորդ հրատարակություններից Դուք հանե՛ք Գեւորգյանցի մասին չարաբաստիկ դրվագը:
Ակնկալում եմ Ձեր կտրուկ պատասխանը:
Սոֆյա Ալեքսանդրովնա
Դանիելբեկ
21.VII.45թ.
ք. Թբիլիսի, Ջափարիձեի
փ. 7, III հարկ»
Մեկ տարի անց Շոլոխովն ուղարկում է պատասխան նամակը
«Հարգելի՛ Սոֆյա Ալեքսանդրովնա
Դուք, կարելի է ասել, իրավացի եք. Գեւորգյանցի վերաբերյալ այդ կտորը կա՛մ պետք է արմատապես վերամշակել, կա՛մ էլ ընդհանրապես դուրս նետել:
Կարելի է միայն ափսոսալ այն մասին, որ ո՛չ Դուք եւ ո՛չ էլ անձամբ իմ հայ ընկերներից ոչ մեկը ավելի վաղ մատնացույց չէին արել իմ այս բացթողումը: Սխալն արդեն վաղուց շտկված կլիներ:
Մոտ օրերս լույս տեսնող հերթական վերահրատարակության մեջ դա անել արդեն հնարավոր չէ, բայց հաջորդողների մեջ դա տեղի կունենա:
Խնդրում եմ չմերժեք սիրալիրությունը եւ տեղեկացնեք ինձ` բավարարո՞ւմ է արդյոք Ձեզ իմ այս «կտրուկ պատասխանը:
Ողջույնով` Մ. Շոլոխով
20/II/46»
Շոլոխովին հասցեագրված Սոֆյայի նամակը բացառապես դուրս է վեպի էսթետիկական քննադատության կոնտեքստից եւ ոչ էլ ազգայնականության պարզունակ մի դրսեւորում է: Մինչեւ հիմա էլ մարդկության պատմության ամենազարհուրելի ժամանակահատվածներից մեկում կորուստների ու ավերումների հիշողության թանձր ստվերը կախված է մարդկության պատմության ապագայի վրա, իսկ կորուստներն ու ավերումները վերաբերել են Երկիր մոլորակում ապրող յուրաքանչյուր մարդու: Սոֆյայի նամակն ասես կայսրության լկտի երախտամոռության դեմ պատմական մի պահանջ լինի, մարդկային պարզ եւ պատմական խորը վիրավորանք, զայրույթի անհատական դրսեւորում: Մինչեւ Գեւորգյանցի հատվածին հասնելը Սոֆյան հանդես է գալիս որպես վեպի լոկ ընթերցող, սակայն Գեւորգյանցի հատվածն ընթերցելուց հետո նա այլեւս դադարում է հերթական մի ընթերցող լինելուց` դրվագն ընկալելով որպես անձնական վիրավորանք` ոչ որպես Սովետական Միության քաղաքացի, այլ որպես հայ կին:
Նա հրաժարվում է բնագրի ընթացքին իր բաժին մասնակցությունից, որովհետեւ ընթերցողը գրողին վեպում «չարաբաստիկ դրվագ» փոխելու պահանջ չի առաջադրում եւ ընդհանրապես ընթերցողը «պահանջ» չի առաջադրում: Եթե այս դրվագում գեղարվեստականության ներուժը, թափանցող խորությունը, գեղարվեստական ազնվությունը համոզիչ թվային, եթե գեղարվեստականությունը չպարտվեր շոլոխովյան թերսնված վավերագրությանը, գուցե Սոֆյան երբեք էլ չգրեր իր այս նամակը: Բայց նա կասկածում է, հետեւապես իր կասկածը համարձակորեն վերածում կտրուկ բառերի` ակնկալելով ռուս մուժիկից կտրուկ պատասխան:
Չի բացառվում, որ հացթուխ Գեւորգյանցի հետ կապված դրվագը վերցված է պատերազմի բովանդակ իրականությունից, վերցված է նախնական տարբերակով ու վեպում խցկած է նախնական տարբերակով: Շոլոխովի վեպում պրիմիտիվության հասնող դրվագները որեւէ կերպ չեն ապացուցում, պարզապես ցուցադրվում են` ի տարբերություն, ասենք, Ֆլոբերի (չնայած համեմատությունս տեղին չէ): Ֆլոբերի յուրաքանչյուր ցուցադրում ինքնին ապացույց է: Չի բացառվում նաեւ, որ այս դրվագը շոլոխովյան սպազմատիկ երեւակայության հերթական վերելքն է, որովհետեւ «Խաղաղ Դոնը» վեպի հսկա տարածքը լցնելն իրականում դյուրին գործ չի եղել:
Վեպում սպիտակ էջեր փակող նմանատիպ դրվագները քիչ չեն: Եվ իհարկե՝ պատերազմների ու հեղափոխությունների ընթացքում բազմաթիվ հայ հացթուխներ են եղել, որոնց բնությունը «Մաքսիմ» գնդացիրներ գործի դնելու բացառիկ շնորհով չի օժտել: Դաշտերում ցորեն հավաքող, ալյուր պատրաստող ու խմոր հունցող ձեռքերը տարիների ընթացքում հոգեպես ու ֆիզիկապես կարող են նմանվել թոնրից հանած տաք հացի էությանը:
Շոլոխովի պատասխան նամակի մասին, որն ակնհայտորեն զիջում է Սոֆյայի նամակին՝ թեկուզ իր էներգետիկայով, ներքին եւ արտաքին բովանդակությամբ` կարելի է եւ լռել մի պարզ պատճառով` 1945-ից մինչ հիմա «Խաղաղ Դոն»-ի բազմաթիվ վերահրատարակություններ են լույս տեսել Գեւորգյանցի դրվագը մնացել է` նույն տեղում, նույն դիրքով:
Ցինիզմի ակնհայտ երանգներով կամ երեւի միայն կազակների հոգեկերտվածքին հասու կազակական «խո-խո» հումորով, Շոլոխովը, որպես խոշոր արվեստագետ, միանգամից համաձայնում է կատարել Սոֆյայի պահանջը` խոստանալով ապագայում լույս տեսնող վերահրատարակություններում փոփոխել հացթուխ Գեւորգյանցի հետ կապված դրվագը, բայց կապույտ թանաքով «կազակի ազնիվ խոսքն» այդպես էլ անշարժանում է նամակի գունատ էջին: Ամեն դեպքում ու ամեն տեղ չէ, որ հեգնանքի գործածումը փրկում է իրավիճակը, հեգնանքի սխալ կիրառումը հետ քաշվելու, թաքնվելու, գիտակցական հնարավորությունները կոծկելու ժամանակավոր ապաստարան է:
Ի վերջո՝ Շոլոխովին ի՞նչ Սոֆյայի հոգում փոթորկվող զգացողությունն ու ցավոտ զայրույթը: Իսկական կազակներն իրենց հնազանդ ձիերի գավակներին պինդ են կպչում, եւ այդ հնազանդ ձիերի պինդ գավակների շնորհիվ է, որ կտրում ու անցնում են երկար, զարտուղի ճամփաներ…
Լուսանկարից Սոֆյայի տխուր աչքերը նայում են անխաղաղ լարվածությամբ` փոքր-ինչ քողարկելով ներքին տագնապն ու ազնվական վեհությունը: Այս հայացքի մեջ ավելի շատ գրականություն ու գեղեցկություն կա, քան ամբողջությամբ վերցրած «Խաղաղ Դոնը» վեպում: Եթե Շոլոխովը հնարավորություն ունենար տեսնելու Սոֆյայի լուսանկարը, գուցե գրեր իր լավագույն ստեղծագործությունը: Ավաղ:
ՀԳ – Նյութերը տրամադրելու համար շնորհակալություն եմ հայտնում Սուրեն եւ Ծովինար Համբարձումյաններին: Սոֆյա Դանիելբեկի եւ Միխայիլ Շոլոխովի նամակները հրապարակվում են առաջին անգամ:
Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/12/azniv-xosq/
|