Մեկնարկեց «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի մրցութային ծրագրի առաջին օրը: Այսօր Նորարար փորձառական արվեստի կենտրոնում ներկայացվեցին իտալական, գերմանական և պորտուգալական ֆիլմեր:
Փառատոնի նախագահի հավաստմամբ` ֆիլմերը տարբեր են, ինչի մասին վկայում են անվանակարգերը:
«Մեկ կադր-մեկ րոպեում» անվանակարգում պետք է լինի 1 րոպեում 1 կադրով նկարահանված ֆիլմ, «Կարճ ֆիլմերի» սահմանը մինչև 20 րոպե է, իսկ «Կինո առանց սահմանի» անվանակարգում թե ժանրային սահմանների և թե տևողության ազատություն կա»,-ասաց փառատոնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարեն:
Նա դիտարկմամբ` բավականին հետաքրքիր ֆիլմեր են ներկայացված, սակայն նա ափսոսում է, որ հատկապես երիտասարդ լսարանն այսօր այնքան էլ ակտիվ չէ:
«Հավաքվել ենք` մեր երիտասարդությանը ցույց տալու , թե առաջին քայլեր անող իրենց տարեկից քիչ հայտնի ռեժիսորներն ինչ ֆիլմեր են նկարահանում ամբողջ Եվրոպայում»,-ասաց փառատոնի նախագահը:
Ըստ նրա` փառատոնի նպատակը մեկն է` մեր երկրում օգտակար լինել կինոյի զարգացմանն ու բացահայտել տաղանդավոր երիտասարդներին: Փառատոնին ներկայացված են երիտասարդ ռեժիսորների աշխատանքներ մոտ 45 երկրներից: Ընդհանուր առմամբ` կցուցադրվի 398 ֆիլմ:
Մրցութային ծրագրի առաջին օրը վատ տպավորություն չթողեց Կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ժյուրիի նախագահ, օպերատոր- բեմադրիչ Վահագն Տեր-Հակոբյանի վրա: Նրա կարծիքով` փառատոնի նպատակներից մեկն էլ նոր մտածողության բացահայտումն է:
«Այսօրվա դիտման մեջ նոր լուծումներ չտեսա, ցավոք, բայց կային լավ գաղափարներ, որոնք հուզում է դիտողին»,-ասաց ժյուրիի նախագահը:
Փառատոնի մրցանակակիրները պարզ կդառնան մայիսի 24-ին: