Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Կինոաշուն» 2011թ. ազգային կինոյի ծրագրի շրջանակներում մարզային ցուցադրությունները կսկսվեն սեպտեմբերից' ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, մարզային ցուցադրություններից հետո կսկսվեն Երեւանի համայնքային ցուցադրությունները' ընդգրկելով բոլոր վարչական շրջանները: Յուրաքանչյուր համայնքում' այգիներում, մինչեւ սեպտեմբերի վերջ կկազմակերպվեն բացօթյա ցուցադրություններ: Իսկ ահա հոկտեմբերին ծրագիրը համաքաղաքային հնչեղություն ձեռք կբերի, եւ «Կինոաշուն» ծրագրի եզրափակիչ օրը քաղաքի կինոթատրոններում միաժամանակ կկայանա մեկ ֆիլմի պրեմիերա: Գ. Գեւորգյանը հավաստիացրեց, որ ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն 2011թ. կինոոլորտի անվանի հոբելյաններ, սփյուռքահայ ռեժիսորների ֆիլմերի եւ մի շարք այլ հետահայաց ցուցադրություններ:
Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա միջոցառման բուն ամսվա ընթացքում միջոցառումները եւ ցուցադրությունները կլինեն ոչ թե ամեն օր, այլ առանձին-առանձին' հոբելյաններ, հետահայաց ժապավենային ցուցադրություններ տարբեր ժամանակաշրջանների համար, գրքի շնորհանդեսներ, ժապավենների պատճենահանում, սփյուռքահայ կինոռեժիսորների ֆիլմերի ցուցադրություն եւ այլն:
«Պետք է այնպես նախապատրաստվել, որ հոկտեմբերին կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում դառնա տոն եւ հետաքրքիր իրադարձություն»,- նշեց Գ. Գեւորգյանը: