Գլխավոր » 2011»Հուլիս»16 »
«Կնոջ կերպարը Մ. Սարյանի արվեստում» ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ 2012 թ.
16:54
«Կնոջ կերպարը Մ. Սարյանի արվեստում» ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ 2012 թ.
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում հուլիսի 15 բացվեց ցուցահանդես' «Կնոջ կերպարը Մ. Սարյանի արվեստում» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացվեցին Մ. Սարյանի նկարած շուրջ 30 կանանց դիմանկարներ, իսկ սլայդ-շոուի միջոցով ցուցադրվեցին այն կանանց դիմանկարները, որոնք չեն պատկանում տուն-թանգարանին. մասնավոր հավաքածուներում են կամ այլ թանգարաններում:
Ինչպես նշեց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, վարպետն իր արվեստում լիովին փոխել է կնոջ դիմանկարի բովանդակությունը: «Նա, իր հայացքը կենտրոնացնելով բնորդուհիների դիմագծերի, բնորոշ կեցվացքի վրա, ձգտում էր բացահայտել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ներքին էությունը, նրանց հարուստ եւ հուզական ներաշխարհը»,- ասաց Ս. Սարյանը' հավելելով, որ իր դիմանկարներում Մ. Սարյանը ներկայացրել է մտավորական կնոջը, որն իր ստեղծագործական մասնակցությունն էր բերում նոր դարաշրջանի մշակութային արժեքների ստեղծմանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ 2012 թվականի սկիզբ:
Մ. Սարյանը, ժամանակին անդրադառնալով իր դիմանկարներին, նշել է. «Շատ հետաքրքիր է նկարել մարդուն շարժման մեջ: Այսպիսին է իմ փորձը դիմանկարի ստեղծման աշխատանքում: Ինձ թվում է' եթե այսպես աշխատենք, ապա չենք ունենա գեղեցիկ կամ տգեղ, հետաքրքիր կամ անհետաքրքիր մարդկանց: Ներքին բովանդակություն ունեցող մարդը հետաքրքիր է»:
Հիշեցնենք, որ նախորդ տարի հուլիսի 7-ին տուն-թանգարանում արվեստասեր հասարակությանը ներկայացվեցին Մ. Սարյանի' կենաց ծառի խորհրդանիշն արտացոլող աշխատանքները: Ցուցահանդեսը կրում էր «Կենաց ծառը Սարյանի արվեստում» խորագիրը: