Աշխարհի հնագույն ոտնամանը` 5 հազար 500 տարվա վաղեմություն ունեցող, դեռեւս չի ենթարկվել համապատասխան մշակման, որ չչորանա եւ հնարավոր լինի շատ երկար պահպանել: Ինչպես հայտնի է, անցած տարվա այս նույն ժամանակահատվածում, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի տարածքում գտնվող քարանձավներից մեկում հորթի կաշվից պատրաստված այդպիսի ոտնաման է պեղվել, մասնագետները ահազանգում էին, որ գտածոն չորանում է: Մինչդեռ քարանձավից դուրս բերելուց անմիջապես հետո հարդով լցված այդ ոտնամանն առաձգական էր ու ճկվող: Հնագետները նշում էին, որ դրա հետագա պահպանությունն ապահովելու նպատակով կոշիկը հավանաբար կտեղափոխվի կամ Գերմանիա, կամ Շվեյցարիա` մշակելու: Երեկ պարզեցինք, որ այն շարունակում է ցուցադրվել Հայաստանի պատմության թանգարանում:
Բայց ահա արտասահմանում այն դեռեւս մշակման չի ենթարկվել: Այս մասին մեզ հետ զրույցում փաստեց ԳԱ ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: «Դա այդքան հեշտ չէ, երկար պրոցես է»,- ասաց նա: Վստահեցրեց, որ առանց դրա էլ առաջիկա տարիներին որեւէ վտանգ կոշիկին չի սպառնում, եւ որ համապատասխան մշակման ենթարկելու անհրաժեշտությունը «հետագայի համար է` երկար պահպանելու նպատակով»: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը նաեւ հայտարարեց, որ օգոստոսին Հայաստան են ժամանելու իրենց ամերիկյան գործընկերները, որոնց հետ խորհրդակցելու արդյունքում էլ կորոշեն, թե ինչպես եւ ինչ կազմակերպության միջոցով են լուծելու 5 500-ամյա ոտնամանի մշակման հարցը:
Աղբյուր`http://www.armtimes.com/26940
|