LaGalleria արվեստաշունչ անվամբ ներկայացող "Corneliani”, "Stefano Ricci” եւ տղամարդկանց ու կանանց համար նախատեսված մուլտիբրենդային երկու խանութների փողոցում ամառը սկսվեց ծաղկային տոնով :
Հյուսիսային պողոտա 3 հասցեում օրերս էլ արվեստն ու նորաձեւությունն էին երկխոսում:): Խանութների ցանցի` "Արվեստի քո հավաքածուն” կարգախոսով ու անվանմանը համահունչ նոր ակցիան LaGalleria-ն իրականացնում է "Նոր մշակութային քաղաքականություն” հիմնադրամի հետ: Նորաձեւության ու արվեստի համադրությամբ կարող ես ոգեշնչվել նաեւ այս շաբաթվա ընթացքում:):
Նորաձեւության հանրահայտ ապրանքանիշերը` Christian Dior, Yves Saint Laurent, Alexander Mcqueen, մատուցվում են հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների` նկարչուհի Թենի Վարդանյանի, քանդակագործներ Արա Ալեքյանի եւ Սպարտակ Գեւորգյանի ստեղծած արվեստի համատեքստում:
Նորաձեւության դիզայներների, նկարիչների ու քանդակագործների երկխոսությունը ընթանում է դասական հաճելի երաժշտության ներքո: Ակցիան փաստում է, որ բարձր արվեստը կարող է հայտնվել ամենաանսպասելի վայրերում, նորովի ապրեցնել տարածքները:
"Կտավներս ցուցափեղկերում այնքան հարմարավետ են իրենց զգում. երկխոսելու ճանապարհը գտել են: Ցուցասրահում այսքան տպավորիչ չեն դիտվում: Գեղեցիկ տեսարան է բացվում հատկապես գիշերային լույսերի ներքո: Այնպես որ, ինձ թվում է` կոշիկները, շորերը, զարդերը մեզնից չեն նեղանում, մենք էլ` իրենցից:)”,-BRAVO.am-ին ասաց Թենի Վարդանյանն ու հավելեց. "Ես այս խանութ ընդհանրապես չէի էլ մտել, այդ սահմանն էլ կոտրվեց: Նկար է, շոր է, կոշիկ է, կյանք է, որ պետք է ապրենք”:
Արա Ալեքյանը եւս կարծում է` իր քանդակներն ու բրենդային հանդերձներն իրար չեն խանգարում: "Երեւանում շատ հաճելի նորություն է: Ամեն ինչն էլ ստեղծագործություն է` բրոնզն էլ, կտորն էլ, իմ երկաթներն էլ:)”,- նշեց քանդակագործը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկա էր ակցիայի մեկնարկին եւ դրական գնահատեց միջոցառումը: BRAVO.am-ի հարցին, թե մշակույթի նախարարն արդյո՞ք բրենդային հագուստ է նախընտրում, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. "Իհարկե: Բայց եթե այստեղ չլինեին արվեստի գործերը, չէի մտնի, որովհետեւ ժամանակ չունեմ”:
"Կարծում եմ, որ ժամանակակից արվեստը վաղուց պետք է ընդունված սահմաններից դուրս գա: Սա շատ ռիսկային քայլ էր, ու առաջին փորձը հաջողվեց”,- ասաց "Նոր մշակութային քաղաքականություն” հիմնադրամի տնօրեն Արմինե Անտիկյանը:
Երեք արվեստագետի համարձակությունը ողջունեց LaGalleria-ի Մարքեթինգի տնօրեն Արմինե Թադեւոսյանը. "Աշխարհում բավական տարածված միտում է, իսկ այստեղ նոր բնույթ է կրում: Հասարակությունը, երեւի, քիչ-քիչ կսովորի ընկալել դա: Նման ակցիաները շարունակական բնույթ են կրելու: Հաջորդ անգամ գուցե թանգարաններում հագուստ ցուցադրենք: Կարեւոր է նաեւ, որ կոտրվեն կարծրատիպերը, թե սրանք անհասանելի ու թանկարժեք խանութներ են. հիմա զեղչեր են գործում: Փորձում ենք, որ այս անկյունը դառնա մշակութային օդով շնչող վայր”: