Երևանի քաղաքապետի հրավերով հուլիսի 15-20-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլլոմբի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված են կառավարման, տրանսպորտային, մշակույթի, կրթական և քաղաքաշինական ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ, գործարարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանի, Երևանի քաղաքապետ Կ.Կարապետյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանի հետ:
Երևանի քաղաքապետարանում պատվիրակության հետ կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կստորագրվի գործընկերության համաձայնագիր: Պատվիրակությունը կմասնակցի նաև Երևանում Լիոնի այգու բացման հանդիսավոր արարողությանը:
Նախատեսվում են նաև այցելություններ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, ֆրանս-հայկական վարժարան, ինչպես նաև հանդիպումներ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: