Գլխավոր » 2011»Հուլիս»9 »
Լրագրողներից կազմված 56-հոգանոց խումբն այսօր մեկնել է Գանձասար
12:09
Լրագրողներից կազմված 56-հոգանոց խումբն այսօր մեկնել է Գանձասար
«Գանձասարի վերածնունդ» ծրագրի շրջանակներում հայ, ռուս և ամերիկացի 56 լրագրողներից բաղկացած խումբ է այսօր մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` ծանոթանալու սփյուռքահայ բարերարների ներդրումներին եկեղեցաշինության բնագավառում: Նախատեսվում է լրագրողների հանդիպումը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Վերջին օրերին մամուլում տեղ գտան մի շարք մտահոգություններ` կապված Գանձասարի վանական համալիրի` իբր 13-րդ դարի պարսպի սալիկապատման հետ: Այս առումով հարկ է նշել, որ Գանձասարը շրջապատող պարիսպը իրականում կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ական թվականներին: Ներկա պահին իր անորակության պատճառով պարիսպը սկսել էր քանդվել, ինչը կանխելու համար որոշում ընդունվեց երեսպատել այն տրավերտինե սալիկներով, որոնք այն նույն հանքից են, որտեղի քարերով 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Լրագրողները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալու այդ` արդեն հանրահայտ դարձած պարսպին:
Ռուս և ամերիկացի լրագրողների անուններն իրենց խնդրանքով գաղտնի են պահվում` նկատի ունենալով ադրբեջանական տխրահռչակ «սև ցուցակում» հայտնվելու հեռանկարը:
Լրագրողները կայցելեն Գանձասար, Ստեփանակերտ, Շուշի, ինչպես նաև Արցախի ստեփանակերտի մատույցներում կառուցվող օդանավակայան: Երևան վերադարձը ծրագրված է կիրակի երեկոյան: Շրջայցն իրականացնում է «Գանձասարի վերածնունդ» ծրագրի իրականացման գրասենյակը` Հայ առաքելական եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի նախաձեռնությամբ: Տեղեկացնում են «Գանձասարի վերածնունդ» ծրագրի իրականացման գրասենյակից: