Բնությունն արարում է մարդուն, որպեսզի հենց մարդու միջոցով տեսնի իրեն և հիանա իրենով: Մարդը բնություն է, բնությունը` մարդ, ուստի մահ գոյություն չունի»: Մարտիրոս Սարյան
Հայ անվանի գեղանկարիչ Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում, մահացել` 1972 թվականին մայիսի 5-ին Երևանում: Նա ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է, ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Սոցիալիստական աշխատանքի հերոս, ինչպես նաև եղել է ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ:
Կարևոր է նշել, որ Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Իր բեղուն ստեղծագործական գործունեության ընթացքում նրան հաջողվել է սկիզբ դնել «Սարյանական» ոճին, որը հատուկ է հենց իրեն, ապա իր բազում հետևորդներին:
1904 - 1907 թվականներին Սարյանը հեղինակում է «Հեքիաթներ և երազներ» ջրանկարչական շարքը,որտեղ վերջինս ոճավորված ու պայմանական ետնախորքի վրա նկարում է մարդկանց և կենդանիների ինքնատիպ ֆիգուրներ, որոնք Արևելքի շունչ են պարփակում:
1908 թվականից սկսած` արվեստագետը ջրաներկի փոխարեն սկսում է գործածել տեմպերա, ինչի շնորհիվ թանձր ու հագեցած գունաբծերի և ուրույն գծանկարի միջոցով կազմավորվում է Սարյանին հատկանշական ոճը, որն արտացոլում է գույների ու արևային լույսն իր ողջ ուժգնությամբ: Վերջապես, Սարյանը, թերևս, առաջինն էր, որ Հայկական բնաշխարհը վերապատմեց իր կտավենում` տալով նրա հավաքական-ամբողջական կերպարն ու փորձելով բացահայտել նրա անսպառ հմայքի առեղծվածը: Բացի այդ, Սարյանի վրձնին են պատկանում իր ժամանակի հայ խոշորագույն մտավորականների, գիտնականների ու հասարակական-քաղաքական գործիչների դիմանկարները:
Վարպետը մշտապես եղել է իր ժողովրդի կողքին` անգամ ամենաօրհասական պահերին: 1915-ի Մեծ եղեռնի օրերին Սարյանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», ապա մեկնել է Էջմիածին՝ սպանդից մազապուրծ եղած հայ գաղթականներին տեղում օգնություն ցուցաբերելու նպատակով։ Հ. Թումանյանի, Գ. Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ, համաճարակի լուրջ վտանգի պայմաններում, ջանացել է անել հնարավորինը` հայերին հնարավորինս օգնելու համար, ինչի պատճառով էլ, ինչպես և ծանր տպավորության ներքո հոգեկան ցնցում է ստացել` Թումանյանի հանձնարարությամբ Սարյանին տեղափոխվելով Թիֆլիսի հիվանդանոց։
Ավարտելով խոսքս` հավելեմ, որ Երևանում գործում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, որը բացվել է 1967 թվականին` նկարչի կենդանության օրոք և որի հավաքածուի համար հիմքն են հանդիսացել Սարյանի նվիրաբերած իր 50 ստեղծագործությունները: Ամռան տապին հետաքրքիր ժամանց անցկացնելու վայր կարող է հանդիսանալ հենց այս թանգարանը…
Աղբյուր`http://blog.liberal.am/index.php/2011-04-24-07-38-31/321-martiros-saryan
|