Այսօր Մատենադարանում տեղի ունեցավ արվեստի բացառիկ հավաքածուների նվիրաբերման շնորհանդեսը, որի ընթացքում ազգային մայր ձեռագրատանը հանձնվեցին, մասնավորապես, 1632 թվագրությամբ և XIII դարի մեծարժեք երկու Ավետարան: Մատենադարին ընծայաբերվեց նաև XVIII դարի բարձրարվեստ գրչության մի Ղուրան, հայ մեծանուն գրող Ե.Չարենցի ձեռագրերի բացառիկ հավաքածուն, որն ընդգրկում է մեծ բանաստեղծի 47 ինքնագիր բանաստեղծությունները, նամակները, հեղինակային ձևավորմամբ` «Մանկական տաղարան»գրքի շապիկը և այլն, ինչպես նաև գործեր, որոնք հեղինակը երկնել է իր կյանքի վերջին ողբերգական տարիներին, նաև Գուրգեն Մահարու` Չարենցին նվիրված բանաստեղծությունը: Նվիրաբերված թանկարժեք հավաքածուների թվում էին նաև հայտնի նկարիչ Վ.Սուրենյանցի մեծարժեք 23 գծանկարներ` ամփոփված մի տետրակի մեջ: Մատենադարանի տնօրեն Հ.Թամրազյանի խոսքով` հերթական հայանվեր նախաձեռնությունը կյանքի է կոչվել հայ բարերարների` մասնավորապես «Փյունիկ» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Պարոն Թամրազյանը երախտիքի խոսք ուղղեց և խորհրդանշական նվերներ հանձնեց հիմնադրամի համանախագահներ Գաբրիել Չեմպերճյանին ու Լևոն Սարգսյանին: Բարեգործական կազմակերպության ղեկավար Լևոն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ իրենց հիմնադրամի նախաձեռնությունների շրջանակն առավել ընդգրկուն է, սակայն Մատենադարանին շարունակաբար ցուցաբերվող օժանդակությունը ծրագրային հիմնական ուղղություններից է: Նրա խոսքով` Մատենադարանը ազգային ու պետական եզակի կառույց է, որտեղ պետք է մեկտեղվեն հայոց հնագույն վավերագրերն ու մատյանները: Միաժամանակ Լևոն Սարգսյանը կոչ արեց ներկաներին հնարավորության դեպքում նպաստել նոր հավաքածուների հայտնաբերման ու ձեռքբերման գործընթացին: