Մայր Աթոռը ողջունում է ԱՄՆ Սենատի երեկ ընդունած փաստաթուղթը, որով Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում հայերից, հույներից և ասորիներից բռնազավթած եկեղեցիներն ու վանքերը վերադարձնել տերերին:
«Մայր Աթոռը ողջունում է, որովհետև վաղուց ի վեր հասունացել է այդ խնդիրը, որ կրոնական փոքրամասնությունները և մասնավորաբար քրիստոնեական եկեղեցիները Թուրքիայում կարողանան օգտվել այն ժառանգությունից, որը դարեր շարունակ պատկանել է իրենց, և իրենք փայփայել և խնամել են, և այսօր շատ հաճախ անուշադրության է մատնված»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Մելիքյանը:
Անդրադառնալով երեկ արդեն Պոլսո հայոց պատրիարքարանի արած այն հայտարարությանը, որ պատրիարքարանը չի ուզում քննարկել այդ հարցը և մեկնաբանություն չունի՝ Տեր Վահրամը նշեց, որ որևէ մեկնաբանություն չտալը չի ենթադրում, որ չեն ուզում ետ ստանալ այդ եկեղեցիները: Ըստ բանախոսի՝ պետք է նկատի ունենալ, թե ինչպիսի պայմաններում է գործում Պոլսո հայոց պատրիարքարանը, ինչպիսի կրոնական ու ազգային տրամադրություններ կան Թուրքիայում:
«Հետևաբար, մենք մեր հերթին ևս իրենց պետք է որոշակիորեն ապահովության մեջ դնենք, որպեսզի իրենք այդ խնդիրների մեջ չներքաշվեն»,- ասաց Տեր Վահրամը:
Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը, նշեց, որ ըստ 1911-12 թթ. Պոլսո պատրիարքարանի կազմած միայն գործող եկեղեցիների ցանկի՝ Արևմտյան Հայաստանում կա 2400 եկեղեցի: Այդ եկեղեցիներից այժմ գործում է 40-ը: Սակայն ցանկում տեղ չգտած, չգործող եկեղեցիները, վանքերն ու մատուռները Արևմտյան Հայաստանում մի քանի անգամ ավելի շատ էին:
Աղբյուր`http://hetq.am/arm/news/3141/
|