Այսօր Orange-ը հայտարարեց «Orange գրքի մրցանակ 2011» գրքի մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի նպատակն է բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, ինչպես նաև խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև պատրաստվում է Երևանի հետ միասին նշել գրքի և ընթերցանության տոնը` ընթառաջ գնալով 2012թ., երբ Երևանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Orange գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:
«Սա մասնագիտական գրական մրցանակ չէ և չի հավակնում դառնալ այդպիսին: Orange գրքի մրցանակն ընթերցողի և գրքի սիրահարների մրցանակ է: Ընթերցողներն առցանց քվեարակությամբ իրենք են ընտրելու հաղթողներին: Այս իրադարձությունը թույլ կտա գտնել և խրախուսել շնորհալի ու օրիգինալ գրողներին, սակայն նաև հանրային ընթերցանությունների, քննարկումների և հեղինակների հետ հանդիպումների միջոցով մենք կներգրավենք ընթերցողների ամենալայն շրջանակներին, որոնց կարծիքը նույնպես վճռորոշ կլինի»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով, կներկայացնեն նախկինում չհրատարակված գրական երկ (էլեկտրոնային հանդեսներում, բլոգերում, սոցիալական ցանցերում տեղակայված ստեղծագործությունները համարվում են չհրատարակված) և մշտապես բնակվում են Հայաստանում:
Մրցույթին կարելի է ներկայացնել գործ հետևյալ 4 ժանրերում` պատմվածք և էսսե, վեպ, հեքիաթ, դրամատիկական գործ և սցենար: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 15-ը հայերենով գրված ստեղծագործությունը և դրա համառոտ բովանդակությունը Word կամ PDF ֆորմատով ուղարկել orangebookprize@orangearmenia.am հասցեով:
Ժուրիի անդամները մինչև հոկտեմբերի 7-ը կընտրեն առավելագույնը չորս ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում: Ժյուրիի կողմից ընտրված ստեղծագործությունները կհայտարարվեն «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնի ժամանակ, որից հետո դրանք կներկայացվեն ընթերցողների լայն զանգվածների դատին մրցույթի համապատասխան կայքէջում: Հաղթողները կընտրվեն ընթերցողների առցանց քվեարկությամբ:
«Մրցույթի ժյուրին կազմված է ոչ միայն գրականագետներից, այլ նաև մարդկանցից, ովքեր սիրում են կարդալ և գիտակ են ժամանակակից գրականությանն ու արվեստին: Եթե կարելի է այսպես ասել, նրանք «պրոֆեսիոնալ ընթերցողներ» են: Այս առումով մրցույթը չափազանց յուրահատուկ է, քանի որ առավելագույնս դուրս է գալիս մասնագետների և գրաքննադատների նեղ շրջանակից և մոտենում է ընթերցողին: Իհարկե, ժյուրիին դժվար գործ է սպասում»,- ասաց «Հայ գրքի կենտրոն» հկ նախագահ Մկրտիչ Մաթևոսյանը:
Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Աղբյուր`http://1in.am/arm/business_companies_26143.html
|