Չորեքշաբթի, 04.12.2024, 12:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 21 » Մենք մեր երազանքներին կհասնենք հայրենիք-համայնք կապերի բոլոր լծակներն աշխատացնելով
12:17
Մենք մեր երազանքներին կհասնենք հայրենիք-համայնք կապերի բոլոր լծակներն աշխատացնելով
«Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միություն
Արդեն հինգ տարի է` Սիլվա Կապուտիկյանը մեզ հետ չէ, բայց հայրենիքում թե սփյուռքում հայությունը շարունակում է համախմբվել նրա գործի շուրջ, կազմակերպել իմաստալից, գեղեցիկ հանդիպումներ: Օրերս Քյոլնի «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միությունը հյուրընկալել էր բանաստեղծուհու անունը կրող գրական հիմնադրամի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանին, ով հանդես եկավ «Կապուտիկյանը, սփյուռքը եւ արցախյան շարժումը» թեմայով բանախոսությամբ, ցուցադրեց հետաքրքիր տեսանյութեր:

Հուզիչ երեկոյից հետո դր. Համազ  Ղազարյանը զրուցեց նրա հետ:

-Տիկին Դեմիրճյան, խնդրեմ մի քանի խոսքով ներկայացրեք` որն է սույն այցի նպատակը:

-Ես Գերմանիա եմ ժամանել մի ծրագրով, որ կարելի է անվանել «Կապուտիկյանի հետքերով»: Նախագծիս թեեւ հիմնականում հայկական շրջանակների հետ էր նախատեսվում, հովանավորվեց Հայաստանի հետ գիտակրթական ծրագրեր իրականացնող գերմանական DAAD կազմակերպության կողմից, իսկ համագործակցությունը կազմակերպեց Քյոլնի համալսարանի պրոֆեսոր Իրմելա Շնայդերը: Այցիս բուն նպատակը հայրենիք-սփյուռք կապերը ըստ Կապուտիկյանի վերարծարծելը ու նաեւ  Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը արժանվույնս ներկայացնելն է, թանգարանի զարգացման համար հեռանկարներ որոնելը:

-Կարելի՞  Է ենթադրել, որ Ձեր աշխատանքի հիմքում Դուք դնում եք Սիլվա Կապուտիկյանի ուղեգրությունները:

-Այո, ճիշտ եք գուշակում: Ընդհանրապես, հայրենիք-սփյուռք կապը եւ սփյուռքի վերազարթոնքը դժվար է պատկերացնել առանց Կապուտիկյանի ուղեգրությունների: Նա քաղաքական բացառիկ հոտառություն ունեցող մեր այն գրող-գործիչներից էր, որ կռահեց ապագան ճիշտ շարունակելու, հայոց մասնատված հատվածները միմյանց կապելու անհրաժեշտությունը եւ կամավոր դարձավ դեպի սփյուռքի գաղութներ թեւածող այն ծիծեռնակը, որ շյուղ առ շյուղ հավաքեց, Հայաստան բերեց սփյուռքահայ կյանքի պատմությունը, կամուրջ կապեց հայության երկու հատվածների միջեւ:

Ժամանակն է գնահատել բանաստեղծուհու մեծ վաստակը եւ շարունակել նրա սկսած գործը, որովհետեւ սփյուռքը անընդհատ փոփոխվող ու շարժուն մարմին է,  իսկ թանգարանը հայոց սրբատեղիների շարքում մի նորաբաց օղակ է, որ կարող է դառնալ հայոց մեծ երազանքն իրականացնող` հայությանը համախմբող պտուտակներից մեկը:

-Բազմաթիվ մարդիկ պիտի ուզենային իմանալ, թե ինչպիսի՞ն է տուն-թանգարանը:

-2008 թ. բացված այս թանգարանը հիմնադրվեց հենց այն տանը, որտեղ կյանքի վերջին երեսուն տարիներն ապրեց ու արարեց բանաստեղծուհին: Ժամանակին պատշգամբ դուրս գալիս նա սիրում էր կատակով ասել. «Տեսնո՞ւմ եք ինչ հոգատարությամբ եմ շրջապատված. դիմացից Ազգային ժոողովն է, ձախից`Գիտությունների ակադեմիան, իսկ աջից`Նախագահի նստավայրը»: Այսպիսի միջավայրում` երևանյան նոր ժամանակների հևքն իր մեջ կրող այս օազիսում, մարդ ակամայից սուրբ երկյուղածությամբ է համակվում, որովհետև հայությամբ ապրել-շնչելու մի անիմանալի դող, վարակիչ մի հոսանք է անցնում յուրաքանչյուրի մարմնով:

Արդյոք դա նկարներից  ճառագող նրա մայրական աչքերի հոգատար արտահայտությունի՞ց է, պատերին թողած նրա ձեռքերի հետքերի՞ց, տանը թևածող նրա հոգո՞ւց… Անշուշտ, բոլորը միասին, որովհետև սա պարզապես կոչվում է Կապուտիկյանի հարկ: Թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանը` բանաստեղծուհու զարմուհին, առանց հուզմունքի չի կարողանում հիշել, թե երկրային կյանքին հրաժեշտ տալուց առաջ ի~նչ  հոգատարությամբ էր նա դասավորում սփյուռքի տարբեր գաղութներից, Ղարաբաղից, ընդհանրապես աշխարհի տարբեր անկյուններից ստացած հուշանվերները, մտորում գալիքի մասին, որն ինքը, ավաղ, այլևս չէր տեսնելու:

Այսօր առանց վարանելու կարող ենք ասել, որ տուն-թանգարանը կատարում է այն նույն աշխատանքը, որ կյանքի օրոք անհատնում սիրով իրագործում էր բանաստեղծուհին:

-Ո՞րն է հիմնադրամի դերը: Պետք է ենթադրել, որ դուք խիստ համագործակցված եք աշխատում:

-Միանգամայն ճիշտ է: Մենք գործում ենք միևնույն հարկի տակ, եւ նպատակները մեծ մասամբ նույնն են: Թանգարանային ցուցադրությունը կազմակերպելուց զատ խնդիր ենք դրել վերահրատարակել բանաստեղծուհու գրական ժառանգությունը, տպագրել հուշեր եւ գիտական ժողովածուներ: Արդեն իսկ հրատարակել ենք հուշերի առաջին գիրքը, գիտական մեկ ժողովածու եւ մի քառահատորյակ, որում ամփոփել ենք Կապուտիկյանի լավագույն բանաստեղծությունները: Թողարկել ենք նաեւ նրա խոսքերով գրված լավագույն երգերի երկու ձայնասկավառակ:

Այժմ նպատակ ունենք գեղեցիկ նկարազարդումներով հրատարակել մանկական բանաստեղծությունները, ապա նաեւ` տարբեր լեզուներով մի առանձին ընտրանի, որը   խիստ ցանկալի է`բանաստեղծուհու վաստակը միջազգային հանրությանը պարզելու տեսակետից: Օրվա թելադրանքով`մենք պիտի շտապենք հայոց բարձր բանաստեղծությունը ներկայացնել համայն մոլորակի բնակչությանը, որի իրականացման մեջ, կարծում ենք, մեծ պիտի լինի նաեւ սփյուռքի աջակցությունը:

-Ի՞նչ կասեք գերմանահայ համայնքից ստացած Ձեր տպավորությունների մասին:

-Ուղեւորությանս ընթացքում ես հասցրի ծանոթանալ Քյոլնի, Մայնի Ֆրանկֆուրտի եւ Բեռլինի հայությանը, եղա նաեւ Վիեննայի Մխիթարյան միաբանությունում: Ուրախացնողն այն է, որ վերջին հարյուր տարվա գիտական եւ մշակութային ձեռքբերումները դարձյալ  ընթացքի մեջ են, եւ կան ուժեր, որոնք կայուն զարգացում են ուզում ապահովել վաղվա համար:

Կարևորագույններից են Գերմանահայոց կեդրոնական խորհուրդը` Ազատ Օրդուխանյանի ղեկավարությամբ, Բոխումի Ռուր համալսարանում գործող սփյուռքի եւ ցեղասպանագիտության ինստիտուտը`Միհրան Դաբաղի տնօրինությամբ, Հալեի համալսարանում բացված «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը`Արմենուհի Դրոստ-Աբգարյանի գլխավորությամբ, Գերմանիայի հայ գործարարների միությունը` Մուրադ Աքյուզի տնօրինությամբ, Պոտսդամում գործող Լեյփսիուսի գիտահետազոտական տուն-թանգարանը, Հայ ակադեմիականների միությունը,  որն, ի դեպ, մեծ առաքելություն է ստանձնել Հայաստանում հիմնելու օտարալեզու գրքերի գրադարան, որում ցանկալի կլիներ տեսնել նաեւ Կապուտիկյանին վերաբերող բոլոր նյութերը:

Առօրյա դժվարություններից, թերեւս, ամենաբարդը Թուրքիայից եկած թրքախոս սերնդի լեզվական խնդիրն է, որի հաղթահարման հոգսը ստանձնել է ինչպես եկեղեցին`արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանի գլխավորությամբ, այնպես էլ այլ միություններ: Մշակութային լուրջ աշխատանք է տանում նաեւ «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միությունը` Այլին Խաչատրյանի ատենապետությամբ, որտեղ հիմնականում ընդգրկված են պարսկահայ ու հայաստանյան ուժեր եւ ամեն ինչ անում են, որ ասմունքի, երգ-երաժշտության,   թատերական ներկայացումների միջոցով գործուն պահեն հայկական միջավայրը:

-Ի՞նչ կուզենայիք մաղթել մնացողներին:

-Մեկ բառով`լավատեսություն, իսկ ավելի ընդարձակ` անխոնջ աշխատելու, շատ ավելի մեծ ծրագրեր իրականացնելու ուժ ու եռանդ: Սա, իհարկե, միակողմանի հնարավոր չէ:  Մենք մեր երազանքներին կհասնենք հայրենիք-համայնք կապերի բոլոր լծակներն աշխատացնելով, մեզ ձեռք մեկնող երկրների ու կազմակերպությունների հետ առավել արդյունավետ համագործակցելով: Դրա լուծման բանալիները տվել է նաեւ հայոց սփյուռքի հետ հասակ առած, նրա խնդիրները լավ իմացող Կապուտիկյանը`ամենայն հայոց բանաստեղծուհին: Նրա գործերը միշտ էլ կխանդավառեն մեզ և կստիպեն ապրել բաց աչքով, գնալ դեպի հաղթանակներ:

Հարցազրույզը վարեց Գերմանահայոց կեդրոնական խորհրդի փոխնախագահ Համազ Ղազարյանը


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/20/erazanqnerin-khasnenq/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 822 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սիլվա Կապուտիկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0