Ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով Հանրապետության հրապարակի մետրոյի անմիջական հարևանությամբ հյուրանոց կառուցելու փաստին, ասաց, որ նախագիծը բավական փոփոխվել է, քանի որ «առանձին մարդիկ» խոսել են Նարեկ Սարգսյանի հետ, խորհուրդներ տվել շենքի ճակատների լուծման առնչությամբ։
«Նայել ենք էսքիզային տարբերակը՝ այն, ինչ ներկայացվել է, որոշ փոփոխությունների ենք ենթարկել. այժմ ներկայացված տարբերակն ընդունելի է»,- ասաց ճարտարապետը՝ տեղեկացնելով, որ անգամ Ջիմ Թորոսյանն ու քաղաքային խորհրդի անդամների մեծ մասը հավանություն են տվել 100 տեղանոց հյուրանոցի կառուցմանը։
«Շենքը փոքրացվել է, ու որպեսզի մետրոյի կլոր անցքը երևա, շենքի տակ մեծ բացվածքներ են արվել, որ մարդիկ հանգիստ ելումուտ անեն»,- նշեց Հ.Պողոսյանը՝ հավելելով, որ «հյուրանոցի կառուցումը դեռևս գաղափար է»։
Նա նաև տեղեկացրեց, որ քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել է բավարարել Արա Աբրահամյանի՝ Մանկական աշխարհի կողքին շինության կառուցումը։ «Դա ընդհանրապես չընդունվեց, քանի որ ազդում էր հրապարակի կառուցապատման վրա»:
Թե քանի հարկ է ունենալու հյուրանոցը, ճարտարապետը դժվարացավ ասել, սակայն նշեց, որ հարկայնությունը Նալբանդյանի կողմից պետք է իջեցվի, որ հավասարվի 1950-ականներին կառուցված շենքին, իսկ գլխավոր պողոտայի կողմից պետք է լինի կառավարական 3-րդ շենքի բարձրության։
Ինչ վերաբերում է ավտոկանգառին, ապա նա ասաց, որ հյուրանոցը չի ունենա ավտոկանգառ, սակայն քաղաքի գլխավոր հրապարակի լուծումներով՝ Վերնիսաժի հարևանությամբ (շատրվանների տակ) նախատեսվում է կառուցել ավտոկանգառ։
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_society_27763.html
|