Հունիսի 30–ից սկսվում են սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի սյուժեն պտտվում է 70-ամյա թոշակառու Օլեգ Ստեպանովիչի՝ «քայլող ստի դետեկտորի» (ով իր ողջ կյանքի ընթացքում լրտեսներ և դավաճաններ է բացահայտել) և նրա թոռան՝ Անդրեյի շուրջ։
Երբ ժամանակակից պապը խելագարվում է ձանձրույթից՝ Մոսկվայի այգիներում կարապներ կերակրելով, այդ ժամանակ Երևանում Անդրեյը ծանոթանում և սիրահարվում է հարևանուհուն՝ հմայիչ ուսանողուհի Աննային: Մհեր Մկրտչյանը իր նոր ֆիլմի մասին ասում է.
–Ցանկանում եմ նկարել գեղեցիկ սիրո պատմություն, թե ինչպես է ռուս դիվանագետը, աշխատելով Հայաստանում, սիրահարվում մի գեղեցիկ հայ աղջկա: Ես կարող եմ կատակել և հումորով ներկայացնել մեր ազգային կոլորիտն այնպես, որ կատակից հետո չամաչեմ, այլ հպարտանամ մեր կոլորիտով: Դա բարդ բան չէ, պարզապես պետք չէ միավորներ հավաքել ստորացման միջոցով: Ֆիլմն ուղղված է հիմնականում ռուսական լսարանին: Պետք է ներկայացնել իրականը։
Նշենք, որ Ֆիլմում նկարահանվում են հայ և ռուս դերասաններ Սերգեյ Շակուրովը, Վախթանգ Կիկաբիձեն, Թամարա Պետրոսյանը, Կոնստանտին Յուշկևիչը, Հրանտ Թոխատյանը, Սերգեյ Ստեպանչենկոն, Տատյանա Լուտաևան, Դմիտրի Մարյանովը և այլոք: