Երեկ երեկոյան տեղի է ունեցել քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի նիստ, որտեղ քննարկման է դրվել երեք հարց՝ Հանրապետության հրապարակի տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման, Արամի փողոցի վրա ևս մեկ բարձրահարկ կառուցելու և քաղաքաշինական կանոնադրության հարցը: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Նա հայտնեց, որ խորհրդի անդամներին առաջարկվել է հայտնել իրենց դիրքորոշումը այդ շինությունների կառուցման առնչությամբ:
Նախատեսված է Հանրապետության հրապարակի մետրոյի վրա կառուցել անկյունաձև շինություն, որի մեջ ընկած ընկնի շատրվանների ծաղկանման հատվածը: «Լուծված չէր միայն մեքենաների կայանման հարցը, հայտնի չէ նաև պատվիրատուի անունը»,- ասաց Սաշուր Քալաշյանը՝ հայտնելով, որ հյուրանոցի կառուցման հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է:
Այն հարցին, թե որքանով է նպատակահարմար մետրոյի հարևանությամբ հյուրանոց կառուցելը, ճարտարապետը պատասխանեց, որ տեխնիկապես անհնար բան գոյություն չունի, այլ խնդիր է դրա քաղաքաշինական նպատակը՝ ավելացնելով, որ տվյալ դեպքում քաղաքապետարանի խնդիրն այլ է, քանի որ վերջինս առաջնորդվում է բիզնես ծրագրերով ներդրողներ որոնելու հարցով:
«Որպես պետական մտածելակերպ ունեցող մարդ՝ ձեռնպահ եմ քվեարկել, քանի որ կառավարական հրապարակը մեր դիմագիծն է: Դա հարիր չէ պետական նշանակության հրապարակին, որտեղ կազմակերպում են շքերթներ և այլ միջոցառումներ»: Նրա խոսքով՝ խնդիրն այս պարագայում ոչ թե Նարեկ Սարգսյանն է, այլ համակարգը, քանի որ այս ոլորտն այսօր ամբողջությամբ սեփականաշնորհված է: Որպես հարցի լուծում՝ Սաշուր Քալաշյանը առաջարկեց վերացնել քաղաքի գլխավոր ճարտարապետական ինստիտուցիոնալ դաշտը, հակառակ պարագայում Երևանը կդառնա Անիի ժառանգորդը՝ կմարդազրկվի:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_society_27481.html
|