Անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարներ կվերականգնվեն և կտեղադրվեն Գյումրիում, համապատասխան որոշումն ընդունվեց հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ընթացքում։
«Գյումրիի քաղաքապետարանի և «ԱԳ և ԱԱ Բաղդասարյաններ» կազմակերպության՝ Մինասի որմնանկարների ինքնուրույն վերականգնման առաջարկները հաշվի առնելով՝ Հայաստանի կառավարությունը թույլ է տվել տեղափոխել Մինասի «Հայկական հովվերգություն» և «Գորգ են գործում» երկու որմնանկարները»,- նիստի ընթացքում ասաց Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։
Փոխնախարարը նշեց, որ Գյումրիի քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բազմիցս դիմել է ռեստավրացիայի իրականացման և Մինասի որմնանկարներն անմիջականորեն Գյումրիում տեղադրելու խնդրանքով։
«Երկու մասերից բաղկացած «Հայկական հովվերգություն» որմնկարի ռեստավրացիայից հետո այն տեղադրվելու է Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում, «Գորգ են գործում» որմնանկարը` Գյումրու Աբովյան փողոցի N 218 հասցեում գտնվող Շիրակի մարզի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ներառված շենքի սրահում»,- ասաց Սամուելյանը։
Ըստ նրա` այս երկու որմնանկարների վերականգնումից հետո կմնան Մինասի ևս չորս որմնանկարներ, որոնք պահվում են Շիրակի մարզում և ռեստավրացիայի կարիք ունեն։ Մինասի որմնանկարներից բացի, կան նաև Ռաֆայել Աթոյանի, Հակոբ Հակոբյանի և արվեստի այլ գործիչների 18 որմնանկարներ, որոնք նույնպես ռեստավրացիայի կարիք ունեն։
Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ կարելի է դիմել հասարակական կազմակերպություններին, որպեսզի այդ որմնանկարները փրկելու նոր առաջարկներ ներկայացնեն։
«Եթե այդ հասարակական շարժումն օգնի մեզ գտնել այնպիսի տնտեսվարող սուբյեկտների, որոնք ի վիճակի են ներդրումներ կատարել և փրկել որմնանկարները, ապա մենք մնացած չորսի վերաբերյալ նույնպես պատրաստ ենք կայացնել որոշումներ, որպեսզի դրանք մնան Գյումրիում կամ Շիրակի մարզում։ Պարզապես պետք է գտնել այնպիսի մարդկանց կամ ձեռնարկատերերի, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել»,- ասց Սարգսյանը։
2010 թ.-ին Մինասի երկու որմնանկարները վերականգնվել և տեղափոխվել են ՀՀ կառավարության շենք, ինչն արժանացել է գյումրեցիների դրական արձագանքին: Սակայն մեծանուն վարպետի ևս երկու որմնանկար Երևանի «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելու մասին ՀՀ կառավարության մտադրությունը մեծ դժգոհություն է առաջացրել գյումրեցի մշակույթի գործիչների, մտավորականության, հասարակական կազմակերպությունների շրջանում, որոնք ցանկանում են, որպեսզի Մինասի աշխատանքները մնան Շիրակի մարզում:
Հայաստանի մշակութային մայրաքաղաք համարվող Գյումրու մի շարք գործարանների տարածքում Մինասի որմնանկարները հայտնվել են անցած դարի 70-ական թվականներին, որոնք տվյալ ձեռնարկությունների տնօրինություններ իրենց դրամական միջոցներով են պատվիրել։
1988թ.-ի երկրաշարժից հետո դադարեցին գործել քաղաքի արտադրական ձեռնարկությունները, և շենքերի վթարայնության ու ջերմաստիճանային անբարենպաստ պայմանների հետևանքով խիստ վտանգվեց որմնանկարների հետագա գոյությունը և պահպանությունը։
Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110728/42497875.html
|