Կիրակի, 24.11.2024, 01:14
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » «Մուսայի ծնունդը գալիս է Աստծուց»
21:36
«Մուսայի ծնունդը գալիս է Աստծուց»
Դավիթ Պիվազյան
Հարցազրույց՝ երիտասարդ կոմպոզիտոր Դավիթ Պիվազյանի հետ


-Դավիթ, հուլիսի 4-ին քո հեղինակային համերգն էր «Նարեկացի» արվեստի միությունում: Հանդիսատեսը զարմացավ, թե 18 տարեկանում որքան լավ ես կարողանում երաժշտարվեստում քեզ արտահայտել: Ինչի՞ց սկսվեց այս ամենը:


-Երաժշտությունը երեւի գալիս է գեներով: Ընտանիքիս անդամները երաժիշտ են:

Ավելի շուտ՝ ես սկսեցի ստեղծագործել, քան նվագել սեփական գործերս: Առաջին խորհրդատուն հայրս էր՝ Ավետիք Պիվազյանը: 2000-ին ընդունվեցի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց՝ որպես ջութակահար. սովորեցի Ստելլա Կարապետյանի դասարանում: Հետո 2008-2009-ին ուսումս շարունակեցի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում՝ որպես ջութակահար եւ կոմպոզիտոր: Ժամանակն ինձ տարավ նաեւ կոնսերվատորիա, կոմպոզիցիայի բաժին՝ պրոֆեսոր Լեւոն Չաուշյանի դասարան, ով ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է:

- Քո ստեղծագործությունների «գլխավոր հերոսը» ջութակն է...

- Ես ավելի մեծ գործեր էլ իրականում ունեմ, որոնք պարզապես չէին կարող այստեղ՝ «Նարեկացիում» հնչել, ուստի գերադասեցի ներկայանալ հանդիսատեսին լարային-կամերային ոճով, որը կարծես թե ընդունվեց: Երաժշտությունն ինձ համար միջոց է՝ առնչվելու ոչ մատերիալիստական ուժերին, որոնք լինում են ե՛ւ բարի, ե՛ւ չար, ե՛ւ, գուցե, չեզոք, ինչ վերաբերում է դասական երաժշտությանը, այն հոգեւոր կամուրջ է Աստծո հետ: Իմ առաջին ստեղծագործությունները գրված էին դասական ռոմանտիկայի ժանրում՝ նեոռոմանտիզմի ուղղության մեջ: Վաղ պատանեկության տարիներին սկսեցի երաժշտությամբ արտահայտել իմ հոգեբանական վիճակը, երեւի դա իմ էությունից է գալիս: Ինձ թվում էր՝ ավելի լավ է ստացվում թղթին հանձնել տրագիկը, քան՝ լուսավորը: Բոլոր իմ ստեղծագործություններում կարծես թե ինչ-որ տեղ նկատելի է սեւ տոնի առկայությունը: Ստեղծագործելիս անվանի կոմպոզիտորները դեր են խաղում միայն տեխնիկական առումով, դու իրենցից սովորում ես թղթի ու մատիտի վերաբերմունքը: Թե ինչպես զարգացնել մոտիվը, ինչպես իրար միացնել գործիքները, որ կոչվում է գործիքավորում, անշուշտ, գալիս է քո ինքնուրույն աշխատանքից, իհարկե, չեմ բառացում՝ նաեւ մեծ վարպետներից: Նրանց մեջ իր թագավորական տեղն ունի Բախը, իհարկե՝ Մացարտը, Բեթհովենը: Վերջինիս ես համարում եմ ժամանակակից երաժշտության հայրը: Խոնարհվում եմ Շոստակովիչի արվեստի առաջ, առանց որի՝ ես չէի կայանա որպես երաժիշտ:

-Եթե չընտրեիր երաժշտությունը, ուրիշ ի՞նչ ճանապարհով կգնայիր:

-Թույլ տեղիս դիպչեցիք: Ես երազում էի պատմաբան դառնալ, նույնիսկ կոնսերվատորիա ընդունվելուց հետո էլ մտածում էի համատեղության մասին: Բայց քանի որ ինքս կոնսերվատորիայում երկու ֆակուլտետ (ջութակի եւ կոմպոզիցիայի) եմ համատեղում, արդեն ֆիզիկապես անհնար կլիներ երրորդ մասնագիտություն ընտրելը:
Ընդհանրապես պատմությունն արդեն ինձ համար հոբբի է դարձել, հետաքրքրվում եմ նաեւ հոգեբանությամբ ու փիլիսոփայությամբ: Բայց համոզված եմ, որ մուսայի ծնունդը գալիս է միայն Աստծուց:

-Ի՞նչ մրցույթների, փառատոների ես մասնակցել:

-Առաջին անգամ մասնակցեցի հայ երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության առաջին փառատոնին, արժանացա դիպլոմի եւ հատուկ մրցանակի՝ ամենաերիտասարդ մասնակցի համար: 2009-ին մասնակցեցի նաեւ Կոմիտասի անվան ջութակահարների միջազգային մրցույթին՝ ստանալով հատուկ մրցանակ: Իմ լարային առաջին կվարտետը ներկայացվել է Տոկիոյում տեղի ունեցող Իրինոյի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին, իսկ փողային կվինտետը՝ Նյու Յորքի Բարլոուի միջազգային մրցույթին: Իմ ջութակի կոնցերտներից մեկը բարձր գնահատականի է արժանացել լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու կողմից:

-Դու քո սիրո մասին խոսում ես երաժշտությամբ:

- Սիրո մասին ես գրում եմ միայն Տաթեւիկ Պապյանի համար: Այդ ստեղծագործություններս ավելի լուսավոր են: Իսկ 2-րդ լարային կվարտետս նվիրված է երաժշտական կուռքերիցս մեկին՝ Դմիտրի Շոստակովիչին: Նա այն կոմպոզիտորն էր, ում ստեղծագործությունը մարդկային հոգու ներքին դրամայի՝ քսաներորդ դարում կատարված ահասարսուռ իրադարձությունների տարեգրության իրական արտացոլումն է, որտեղ խոր անձնական ապրումները միաձուլվում են համամարդկային ողբերգության հետ:

-Երբ ավարտվեց հեղինակային համերգդ, բոլորն էլ շնորհավորեցին: Ո՞ւմ խորհուրդը կամ կարծիքը կարող ես առանձնացնել:

-Կդժվարանամ ասել, երեւի Տիգրան Մանսուրյանի: Ասաց, որ ինքը կհետեւի իմ երաժշտական զարգացմանը: «Ճիշտ ես կառուցել երաժշտական տնտեսությունդ»,-ասաց մաեստրոն, մնաց, որ կարողանամ ճիշտ կառավարել ու պահել իմ երաժշտական տնտեսությունը:

-Դավիթ Պիվազյանն ի՞նչ ծրագրեր ունի:

-Հիմա ես զուգահեռ աշխատում եմ երեք սիմֆոնիաների վրա: Ունեմ նվագախմբի համար բազմաթիվ ստեղծագործություններ, փողային գործիքների համար գրված փոքր ստեղծագործություններ, այնպես որ, բոլոր ժանրերն էլ օգտագործում եմ, պետք է ասեմ, որ իմ գործերում իր թագավորական տեղն ունի նաեւ վոկալը: Ըստ իս, մարդու ձայնը համարվում է լավագույն գործիքը:


Հարցազրույցը՝ ՄԻՔԱՅԵԼ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95435/view

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 896 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0