Գլխավոր » 2013»Փետրվար»14 »
Մշակույթ Երևանում մեկնարկում է «Ուսանողական ֆիլհարմոնիա» նոր նախագիծը
03:39
Մշակույթ Երևանում մեկնարկում է «Ուսանողական ֆիլհարմոնիա» նոր նախագիծը
Փետրվարի 13–ին Երևանում մեկնարկեց «Ուսանողական ֆիլհարմոնիա» նոր նախագիծը, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։
«Այսօր հայ երիտասարդության շրջանում դասական երաժշտության մասին տեղեկատվության պակաս է զգացվում։ ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան համատեղ նոր նախագիծ են նախաձեռնել, որը հուսով ենք, կլրացնի այդ բացը»,– ասաց նա։
Պողոսյանը տեղեկացրեց, որ նախագծի շրջանակներում առաջին միջոցառումը կդառնա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգ-դասը, որը տեղի կունենա չորեքշաբթի երեկոյան Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր հերթին նշեց, որ համերգ-դասի ընթացքում կհնչեն հայտնի դասականների ստեղծագործությունները, այդ թվում` Ջակոմո Պուչինիի, Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի և Էդվարդ Միրզոյանի։
Միաժամանակ դիրիժորը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր ստեղծագործության կատարումից առաջ ինքը հակիրճ կներկայացնի հեղինակի կենսագրությունն ու ստեղծագործության մասին տեղեկատվություն։ Նա ավելացրեց նաև, որ համերգ-դասի մուտքն ազատ է։
Ըստ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի` նախագծի շրջանակներում հայ ուսանողների համար արդեն 22 տարբեր միջոցառումներ են նախատեսված, այդ թվում` պարի դասեր։
Նա նշեց նաև, որ նախագծի նախատիպը եղել է «Դպրոցական ֆիլհարմոնիա» նախագիծը, որը շուրջ կես դար անցկացվել է Երևանում և հանրապետության մի շարք մարզերում։
Ինչպես նշեց «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագծի հեղինակ Լուսինե Կարապետյանը, ծրագիրը ժամկետներով սահմանափակված չէ, և անցկացվող միջոցառումները շարունակական բնույթ կկրեն։