Գլխավոր » 2011»Հուլիս»24 »
Մշակույթի նախարարության ձախողումները Ժնևի գրքի միջազգային տոնավաճառում
15:19
Մշակույթի նախարարության ձախողումները Ժնևի գրքի միջազգային տոնավաճառում
Երբ հանդիսատեսները մտնում են Ժնևի գրքի միջազգային տոնավաճառի հայկական տաղավարի սրահներից մեկը, ուր հույս ունեին տեսնել Նարեկ Ավետիսյանի ցուցահանդեսը, հայտնվում են դատարկ պատերի առաջ: Ամբողջ հայկական սրահն էլ դատարկված կտեսնեին, եթե ցուցհանդեսին մասնակցած լիներ միայն Հայաստանի հանրապետությունը(հայկական տաղավարը ներկայացնում էին Սփյուռքն ու Հայաստանը): Հայաստանից ներկայացված գրքերը նույնպես չքացել էին: Մշակույթի նախարարությունը գրքերն ու նկարները փոստով հետ ուղարկելու վրա փող չծախսելու համար, տոնավաճառի փակումից մեկ օր առաջ դրանք հետ էր ուղարկել տոնավաճառին այցելած նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռով:
Մայիսի սկզբին Ժնևի գրքի միջազգային տոնավաճառում Հայաստանի փնթիությունների ու ձախողումների մասին են պատմում սփյուռքահայ բարեկամներս:
«Սա անելու բան չէր, ցուցահնադես են գալիս` նկար չկա և դատարկ պատեր են ներկայացնում մարդկանց»,-ասում է բարեկամս, ով հայկական տաղավարի կազմակերպիչներից մեկն է:
20 տարի շարունակ Շվեյցարիայի Թոփալյան հիմնադրամը Ժնևի միջազգային գրքի տոնավաճառում կազմակերպում է հայկական տաղավարը և միշտ այն մեծ հաջողություն է ունեցել(http://www.salondulivre.ch/en/): Այս տարի տոնավաճառի հյուր երկիրը Հայաստանն էր, և այս պատվին արժանանալու համար շվեյցարահայ համայնքը տարիներ շարունակ պայքարել է(անցյալ տարի Շվեդիան էր, նախանցյալ տարի Թուրքիան):
Որպես հյուր հայկական բաժնին տրամադրվել էր 800 քառակուսի մետր տարածք, Թոփալյան հիմնադրամը ծախսել էր մոտ 400 հազար դոլար:
Հայաստանին ոչինչ չէր մնում բացի կատարել իր պայմանավորվածությունները, սակայն մշակույթի նախարարությունը հիմնականում ձախողել էր դրանք:
Նախարարությունը ոչ միայն ժամանակից շուտ հեռանում է տոնավաճառից: Ձախողում է նաև ծրագրով նախատեսված ու համաձայնեցված հանդիպումներն ու կլոր սեղանները. այսպես, Նախարարության նախաձեռնությամբ եկած գրող Արամ Պաչյանի, բանաստեղծներ Կարեն Անտաշյանի, Շուշան Թամրազյանի և նաև Խնկո Ապոր գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի մասնակցությամբ կլոր սեղանների նախապես ծրագրում որոշված ժամերը նախարարությունը փոխում է, որի արդյունքում կլոր սեղանները անցնում է գրեթե դատարակ սրահում(տոնավաճառի ծրագիրը նախապես հրատարակվել է թերթերում և կայքում և հետաքրքրվողները չէին կարող իմանալ, որ այդ կլոր սեղանները այլ ժամի են տեղափոխվել): Ծրագրով նախատեսված է լինում հանդիպում Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ, սակայն նա չի գալիս, փոխարենը գալիս է Ռազմիկ Դավոյանը, ում հետ հանդիպում կամ կլոր սեղան ծրագրով նախատեսված չէր:
Շվեյցարական կողմից Հայաստանից հրավիրված էին միայն բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանն ու հրատարակիչ Մկրտիչ Մաթևոսյանը, այն էլ նախարարության բարձրաստիճան պաշտոնյան բողոքել էր, թե ինչո՞ւ եք Վիոլետին հրավիրել(բարեկամս չասաց, թե ով է բողոքողը եղել):
Թոփալյան հիմնադրամը պատվիրել էր ու ֆինասավորել Մշակույթի նախարարությանը հատուկ տոնավաճառի համար օրացույցներ, սակայն նախարարությունը դրանք ոչ միայն ժամանակին չի հասցնում, այլև ամբողջ տպաքանակը չի ուղարկում, միայն հյուր գրողների հետ մի քանի կապոց է ուղարկում, այն էլ նախարարության աշխատակիցները չէին հիշում թե ում ինչ կապոց են տվել:
Հայաստանը անգլերեն և ֆրանսերեն շատ քիչ գիրք է ներկայացրել տոնավաճառին, հիմնականում հայերեն գրքեր է ցուցադրել, հետևաբար Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը քիչ է եղել ու ներկայացված գրքերը գրեթե չէր վաճառվել:
Վաճառվել էին Վիոլետ Գրիգորյանի «Սերը» բանատեղծության ֆրանսերեն-հայերեն հրատարակությունը և Ինքնագիր ակումբի հրատարակած անգլերեն "Deviation. Antology of Contemporary Literature”-ն(«Շեղվածք. ժամանակակից հայ գրականության անթոլոգիա»):
Նախարարությունը միայն մի բան պետք է աներ` օժանդակեր, որ այս Անթոլոգիան ու Ինքնագիր ակումբի հրատարակած ևս երեք անուն գրքեր հասնեին Ժնև: Երևանում նախարար Հասմիկ Պողոսյանը գրաքննություն է անում` քանդել է տալիս «Ինքնագրի» ներկայացրած կապոցները ու ստուգում, թե ինչ գրքեր են տանում, իսկ Ժնևում էլ պարզվում է, որ այդ գրքերի մեծ մասը ահնետացել է: Տոնավաճառի վերջում էլ նախարարությունը հրաժարվում է «Իքնագրի» չվաճառված գրքերը հետ բերել Երևան:
Այսուհանդերձ Սփյոռքի շնորհիվ հայկական տաղավարը մեծ հաջողություն է ունեցել, սփյուռքահայ շրջանակները ներկայացրել են անգլերն և ֆրասներեն հրատարակված 400-ից ավել գիրք: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել հայկական տաղավարի վերաբերյալ, որին մեծապես նպաստել են սփյուռքահայ մտավորական Ալան Նավարայի կազմակերպած ասուլիսներն ու քարոզչությունը: