Գլխավոր » 2011»Հուլիս»22 »
Ն. Արմանի. «Կինոփառատոները, էսթետիկական հաճույք պատճառելուց բացի, համախմբող նշանակություն ունեն»
14:56
Ն. Արմանի. «Կինոփառատոները, էսթետիկական հաճույք պատճառելուց բացի, համախմբող նշանակություն ունեն»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը վստահորեն կարող է մրցել յուրաքանչյուր միջազգային կինոփառատոնի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանին' հավելելով, որ «Ոսկե ծիրան»-ի առանձնահատկությունն այն է, որ ներկայացվում են այնպիսի ֆիլմեր, որոնք բարձրաձայնում են այժմեական խնդիրների մասին: «Այդ թեմաները ծանոթ եւ հոգեհարազատ են հանդիսատեսին: Այդ է պատճառը, որ փառատոնն այդքան մեծ հնչեղություն ունի»,- ասաց դերասանուհին: Նա նաեւ փառատոնի առավելություններից համարեց այն, որ ներկայացվում են չափազանց թարմ ֆիլմեր, որոնք վերջերս են արժանացել Կաննի կինոփառատոնի մրցանակների եւ այլն:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար կինոփառատոնի կազմակերպիչներին' Ն. Արմանին նշեց, որ փառատոնի կազմակերպիչներն ամեն հնարավորն անում են, իսկ խորհուրդներ տալը շատ հեշտ է: «Իհարկե, կարելի էր ավելի շատ հյուրեր հրավիրել, ավելի շատ ֆիլմեր ցուցադրել, բայց չպետք է մոռանալ, որ այդ ամենը կապված է ֆինանսական մեծ դժվարությունների հետ»,- ասաց դերասանուհին' շեշտելով, որ փառատոնը տարեցտարի ավելի է ընդարձակվում:
Կարեւորելով Հայաստանում անցկացվող յուրաքանչյուր փառատոն' Նորա Արմանին նշեց, որ դրանք, էսթետիկական հաճույք պատճառելուց բացի, համախմբող նշանակություն ունեն: «Յուրաքանչյուր նմանատիպ ձեռնարկ պետք է քաջալերվի: Դրանց շնորհիվ այլ ազգի ներկայացուցիչները կգան Հայաստան, կսիրահարվեն եւ կմնան այստեղ»,- կատակեց նա: