Երեկ` հուլիսի 19-ին, Հայաստանի գրողների միությունում կայացավ լիբանանահայ գրող, բանաստեղծ, բազմաթիվ գրքերի հեղինակ ու թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանի «Մայրիներուն ծիածանը» լիբանանյան արդի 7 բանաստեղծների գործերի թարգմանված ժողովածուի շնորհանդեսը:
«Հայերն այսօր»-ի թղթակցի հետ զրույցում պրն. Կիրակոսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես մտահղացավ այս գաղափարը, ասաց. «Այս գիրքը 40 տարիներու թարգմանական փորձերու մեկտեղումն է: Առաջին թարգմանությունները սկսած եմ 1973-ին, անկե ետ «Բագին» ամսագրին մեջ հրատարակված են հաջորդաբար թարգմանություններս: Բայց գիրքը գիրք դարձավ վերջին 4-5 տարիներուն պրն. Լեւոն Անանյանի հետեւողական հետապնդումներով, ծրագրված աշխատանքով եւ խմբագրությամբ»: Հեղինակը նշեց նաեւ, որ այդ յոթ բանաստեղծները յուրովի ներկայացնում են յոթ գույն, յոթ աշխարհ, կարծես պատկերում են լիբանանյան արդի գրականության ծիածանը:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ գրող Հովհաննես Գրիգորյանը եւ բարձր գնահատեց նման ժողովածուի հրատարակությունը: ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, բարձր գնահատելով լիբանանահայ գրող Սարգիս Կիրակոսյանի գրական վաստակը, ԳՄ վարչության որոշմամբ՝ նրան հանձնեց «Գրական վաստակի համար» մեդալը:
Այնուհետեւ Սարգիս Կիրակոսյանի ժողովածուի մասին (Լիբանանի արդի բանաստեղծների ու գրողների երկու սերնդի ստեղծագործություն) վերլուծաբար անդրադարձան բանախոսներ Երվանդ Տեր-Խաչատրյանը, բանաստեղծներ Արտեմ Հարությունյանը, Դավիթ Հովհաննեսը, գրականագետներ Դավիթ Գասպարյանն ու Սուրեն Աբրահամյանը: Գրքում զետեղված բանաստեղծություններից մի փունջ ասմունքեցին ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը եւ Արման Նավասարդյանը:
Շնորհանդեսն ամփոփվեց Սարգիս Կիրակոսյանի շնորհակալական խոսքով, որն ուղղված էր գրքի խմբագիր Լեւոն Անանյանին, ինչպես նաև Պուրճ Համուտի քաղաքապետարանին, որի աջակցությամբ է տպագրվել լիբանանյան արդի բանաստեղծների (Ատոնիս (Ալի Ահմէտ ՍաԻՏ), Եուսէֆ էլ Խալ, Շաուգի ապի Շաքրա, Ունսի Էլ-Հաժ, Փոլ Շավուլ, Ապպաս Պայտուն, Ուստիհ Սաատէ) գործերի թարգմանությունը Հայաստանի գրողների միության հրատարակչության կողմից:
«Այս գիրքը եօթներանգ ու եօթնաբոյր գեղահիւս ծիածան մըն է, որ, կը հավատանք, այս հատընտիրի էջերէն բանաստեղծութիւն առ բանաստեղծութիւն հրաշափառ վեր բարձրանալով՝ Սաննինի ձիւնապսակ կատարը պիտի կամրջէ Արարատի աստուածամերձ գագաթին ու պիտի ըլլայ լիբանանցի եւ հայ երկու բարեկամ ժողովուրդները ա՛լ ավելի իրարու մօտեցնող, մէկ պսակի տակ եղբայրացնող թագ ու ծիածան»,- ասաց Սարգիս Կիրակոսյանը եւ ընծայագրեց գրքերը:
Աղբյուր`http://hayernaysor.am/1311144273
|