Հայ վերականգնող ճարտարապետների ասոցիացիայի անդամ Մանուշակ Տիտանյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում խոսելով Գանձասարի վանական համալիրի պարսպի երեսապատման մասին, նշեց, որ այդ նորոգումն անօրինական է, քանզի վանական համալիրի տերը պետությունն է և պետությունն է որոշում, թե ինչպես պետք է վերանորոգվի այն, իսկ պետությունը ոչ միայն նման որոշում չի ընդունել, այլ համապատասխան պատկան մարմինը մերժել է վերանորոգման հայտը:
Մանուշակ Տիտանյանը նկատեց, որ հաստատ է նաև այն տեղեկությունը, որ հենց եկեղեցու ղեկավարությունն է դիմել Արցախի զբոսաշրջության վարչությանը, իսկ եկեղեցուն էլ դիմել են վերանորոգման ծրագիր ներկայացրած բարերարները:
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Գանձասարի վանական համալիրի պարիսպը հին չէ և կառուցվել է ընդամենը 30 տարի առաջ, Տիտանյանը նշեց, որ դա պարզապես արվում է հասարակությանը խնդրից շեղելու համար: Նա ընդգծեց, որ վանքն իրենից ներկայացնում է մենաստան և իր ստեղծման առաջին իսկ օրից անպայման ունենում է պարիսպ, այլ բան է, որ պարիսպը ժամանակին կարող է վերանորոգվել:
«1895թ. հրատարակված Բարխուդարյանի գրքում գրված է Վանք գյուղի մասին, որտեղ նշվում է, որ վանքն ուներ պարիսպներ, որոնք ունեին երեք մուտք, որոնցից երկուսը դեռևս կան: Վանքը 13-րդ դարի կառույց է և այն ի սկզբանե ունեցել է պարիսպ, թուրքերի կողմից 1982 թ. այն նորոգվել է, բայց իր հին ձևով՝ նախկին կերպարին համապատասխան՝ ի ամոթ այսօրվա նորոգմանը»:
Մանուշակ Տիտանյանը պարզաբանեց, որ Գանձասարի տաճարը սրբատաշ քարից է, բոլոր կից կառույցները, երիցատները և պարսպապատերը խամ քարով են արված, որովհետև նրանք ավելի փոքր նշանակություն ունենք քան վանքը և այդ շինարարական մեթոդը կիրառվել է բոլոր վանքերում. «Հիմա նրանք երեսապատելով խախտում են այդ կառույցը և ավելի կարևոր նշանակություն են տալիս այն գործին, որն իրենք այսօր անում են, քան ինքը տաճարն է: Դա բացարձակ ինքնակամ ու սխալ արված գործ է, բարելավման և վերանորոգման մասին խոսք չի կարող գնալ»:
Վերականգնող ճարտարապետը նշեց, որ հուշարձանը պատկանում է պետությանը և օգտագործում է եկեղեցու կողմից և հենց այս կառույցների գործը պետք է լինի թույլ չտալ իրականացնել այդ անօրինական շինարարությունը:
Նշենք, որ երեկ Գանձասարում պարսպի երեսպատման աշխատանքները դադարեցվել են: Մանուշակ Տիտանյանը նկատեց, որ դա դեռ չի նշանակում, որ մի քանի օր հետո այդ աշխատանքները չեն վերսկսվի. «Հիմա քնեցնում են, որ հետո հանգիստ շարունակեն իրենց գործը»:
Նա հիշեցրեց, որ շուրջ 6 ամիս առաջ աշխատանքները սկսվել էին, սակայն զբոսաշրջության վարչության արգելքից հետո դադարեցվել էր և այժմ նորից սկսվել է:
Տիտանյանի կարծիքով, այս դադարեցումը պայմանավորաված է նրանով, որ վաղը Գանձասարի վանական համալիր են ժամանելու լրագրողների խումբ:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_25952.html
|