«Օրեր» եվրոպական ամսագրի եւ Ֆրանսիայում ու Գերմանիայում բնակվող չորս հայ արվեստագետներիՙ ՎԱԶՕ-ի, Սիլվինա Տեր-Մկրտչյանի, Արչի Գալենցի եւ Աշոտ Աշոտի նախաձեռնությամբ լույս է տեսել մեծ ճանաչում ունեցող հանդեսի բացառիկ համարը` նվիրված արդի հայ արվեստին:
Այն ոչ միայն աննախադեպ է իր բովանդակությամբ, ձեւավորմամբ եւ ուղղվածությամբ, այլեւ էջերի քանակով: Նպատակը մեկն է` հայ ընթերցողին ծանոթացնել ժամանակակից հայ արվեստին: Իհարկե, ժամանակակից հայ արվեստ ասելով, խմբագրությունը նպատակ չի ունեցել ընդգրկելու արվեստի բոլոր ուղղություններն ու վերջին տարիների ընթացքում կատարված բոլոր ձեռնարկները:
Սակայն փորձ է արվել հայացք հառել կարեւոր զարգացումներին, համարի համահեղինակների կազմակերպած ձեռնարկներին, թե´ ավանգարդ ու կոնցեպտուալ եւ թե´ դասական կերպարվեստին, Հայաստանի անկախության քսան տարիների ընթացքում այդ ոլորտում կուտակված որոշ խնդիրներին ու դրանց հնարավոր լուծումներին: