«Արդի հայ կինոարտադրության ճգնաժամը հաղթահարելու համար հրաշալի գաղափարների դեֆիցիտ ունենք»,- ժամանակ առ ժամանակ ինքնաբուխ ծավալվող քննարկումներից մեկի ընթացքում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Այս նորահայտ հիմնախնդրի պաշտոնական բարձրաձայնումն անարև հուսահատությամբ համակեց։ «ՈՒնենալով արարչական հզոր ներուժ, շնորհառատ երիտասարդ արվեստագետներ` գաղափարի դեֆիցիտի՞ց ենք դժգոհում,- գլխիկոր մտորեցին մշակութային գերհագեցած առօրյան պարտաճանաչ լուսաբանողները։- Արդեն 20 տարի է, ինչ մեր իսկ երազած ազատ ու անկախ երրորդ հանրապետությունն ենք կառուցում` համաշխարհային մեծահարգ ճանաչումն ակնկալելով և... «գաղափարների դեֆիցիտի՞ց» տրտնջում։ Չէ, հաստատ չի ամլացել մայր հողի արգանդը։ Անկասկած, վրիպական հունով է զարգացվում պետական մշակութային մարտավարությունը»։ Եվ, անուղղելի լավատեսությամբ դիմակայելով կրտված ազգային նորաստեղծ հոգեկերտվածքին, մոտ տասնյակ միջազգային կինոփառատոներից (չի՞ զարմացնում այս փաստը) յուրաքանչյուրի հերթական մեկնարկով ակամա հուսավառվում են։ Առանձնակի խանդավառեց ամենախոշորի` «Ոսկե ծիրանի» ութերորդ նախամեկնարկային լրագրահանդիպումներից քաղած տեղեկատվությունը։ Ակնկալություններն իրատեսական թվացին «Կորիզ» երիտասարդական նոր անվանակարգի և «Հայկական համայնապատկերի» ֆիլմաշարում մի քանի ծանոթ անունների հայտնությամբ։
ԿՈՄԵՐՑԻՈՆ ԴՈՆՔԻՇՈՏՈՒԹՅՈ՞ՒՆ
«Հայկական համայնապատկերի» մրցասպարեզում ՀՀ մշակույթի նախարարության պատվերով «P.art» ընկերության (տնօրեն` ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ) նկարահանած «Մենք ենք, մեր սարերը. 40 տարի անց» վավերագրական ֆիլմի ներառվելը հույսի նոր շող է երևակում։ Ամիսներ առաջ մեր միակ` «Մոսկվա» կինոթատրոնում կայացած պրեմիերայից ստացածս տպավորությամբ, այն ի զորու է մեր կինոարվեստով լրջորեն մտահոգվածների փնտրտուքն ուղղորդելու։ Ներկայիս չհստակվող մշակութաքաոսում «Մենք ենք...»-ը պարզ անմիջականությամբ կինոդիտողին ներկայացնում է, թե ինչպես և ովքեր են ստեղծել հայ ազգի կինոն 40 տարի առաջ, թե ինչու «տոտալիտար» պիտակված գաղափարախոսական կուռ կառույցի «երկաթե վարագույրը» չի կարողացել կապանքել «հրաշալի գաղափարի» ծնունդն ու լիարժեք հասունացումը։ Նաև` միջազգային ճանաչումը. 1976-ին Սան Ռեմոյում «Հեղինակային ֆիլմ» անվանակարգի հաղթող է ճանաչվել Հրանտ Մաթևոսյանի «հայ հողագործի ավետարանի»` Հենրիկ Մալյանի կինոմեկնաբանությունը։ Փայլուն դերասանակազմով` Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, Գալյա Նովենց, Ազատ Շերենց, Սոս Սարգսյան, Արտավազդ Փելեշյան և ուրիշներ, գեղարվեստական կենսահենք հավաստիություն է ստացել «հովիվների հանրապետությունը»։
«Մենք ենք...»-ի հեղինակներ Աշոտ Ադամյանն ու Դավիթ Մաթևոսյանը` Հենրիկ Մալյանի աշակերտն ու Հրանտ Մաթևոսյանի որդին, խորագետ հարազատությամբ են նորովի հաստատել «Մենք ենք, մեր սարերը» աֆորիստիկ կինոպատումի չխամրող գրավչությունը։ Ստեղծագործական խմբում ներգրավված մեծահամբավ արվեստագետների կենդանի խոսքով ամբողջացվել է մեր ազգային ոսկի ֆիլմադարանում արժանի տեղը գրաված լիամետրաժ կինոժապավենի ծննդյան պատմությունը։ Վավերագրական ֆիլմի նկարահանող խումբը, 40 տարի անց ուղևորվելով Ահնիձոր ու Խաշթառակ, «դեպքի վայրում» է բացահայտել մաթևոսյանական Անտառամեջի ինքնատիպությունը, մալյանական պոետիկ թատերական տեսիլքի ներշնչանքի իրական ակունքները։ Հին ու նոր փաստագրական հարուստ նյութի համադրությամբ ոչ միայն յուրովի շաղկապվում են մեր խորհրդային անցյալն ու անկախական ներկան, այլև նախանշվում են արդի կինոարվեստի արժանավայել զարգացմանն անհրաժեշտ բոլոր լծակները։ Այդուհանդերձ, մաքուր ֆինանսական շահույթ ստանալու տեսակետից, «Մենք ենք...»-ի առաջին հանդիսասրահներում կոմերցիոն դոնքիշոտություն որակվեց «P.art» ընկերության այս ձեռնարկը։ Շարժառիթները պարզելու նպատակով հայտնվեցի 2005-ից տարբեր բնագավառներում ծավալած PR գործունեությամբ բարեհաջող զարգացող այդ ընկերության գրասենյակում։ Հանձին ֆիլմի պրոդյուսեր Կարեն Քոչարյանի` գտա մշակութաստեղծ նորահայտ մի գործարարի։ Մենեջմենթի 44-ամյա բարձրակարգ մասնագետի հասարակական գործունեության հանրագումարումով միանգամայն հավատընծա դարձավ մեր խառնածին ներկան առողջացնելուն միտված բազմաշերտ բանիմացության մարտունակությունը։
«ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ» ՄՆԱԼՈՎ
Ի տարբերություն մշակութային մեկենասներից շատերի, Կարեն Քոչարյանը, մտահղանալով հայ անվանի արվեստագետների յուրատիպ հոբելյանամեծարման ուշագրավ այս տարբերակը և սկզբից մինչև էկրան բարձրանալը խթանելով վավերապատումի իրականացումը, գերադասել է «կադրից դուրս» մնալ։ Թե՛ ուղիղ, թե՛ անուղղակի իմաստով։ Խորհրդային տարիներին համակողմանիորեն զարգացնելով բնատուր տարաբևեռ ունակությունները` գիտելիքների բազմաբովանդակ պաշար է կուտակել։ Դեռևս դպրոցական տարիներին ի հայտ բերած մշակութային նախասիրությունների մասնագիտական հիմնավոր ուղղորդմամբ (ասմունքի ստուգատեսներում, «ՈՒսանողական գարուններում» ցայտուն դրսևորվել են կարողությունները) հարկավոր բազա է ստեղծել սեփական PR գործակալության աշխատանքը հմուտ առաջնորդելու և բազմազանեցնելու համար։ «PR-ը ամենևին էլ գովազդը չէ,- պարզաբանում է Կարեն Քոչարյանը,- գովազդը «էստի համեցեք»-ն է, PR-ը` «ես սա եմ, ժողովուրդ»-ը։ Պետական ու մասնավոր պատվիրատուներին կոնկրետ նախագծերով կարողանում ենք գոհացնել` անձի, երևույթի խոր վերլուծական ուսումնասիրությամբ գտնելով նպատակասլաց հանրաճանաչման գործուն մեխանիզմը։ Հասարակության հստակ իրազեկումն ենք ապահովում փորձառու մասնագետների փոքրաթիվ խմբով։ Գովազդը տեխնիկա է, PR-ը` տեխնոլոգիա»։ Երբ փորձում եմ հերքել ֆիլմի պրոդյուսերի «կադրից դուրս» մնալը նաև ստեղծագործական աշխատանքներից, հումորախառն ընդդիմությանն եմ բախվում։ Լինելով մոսկովյանի արտոնագրով ու բարեկիրթ, հնչեղ վարույթով (կարծես արյան հեռավոր կանչով. Կողբում մխրճված տոհմածառին շողում է համաժողովրդական ասմունքող Սուրեն Քոչարյանի անունը) «Արմենիա»-ով մոտ 5 տարի հեռարձակվող «ճՑՏ? չՊպ? ՍՏչՊՈ?» ինտելեկտուալ խաղի շունչն ու ոգին` խուսափել է «Մենք...»-ի հեղինակային տեքստի հնչյունավորումից։ Գրելու շնորհն ի հայտ բերելով «Շարմ»-ում և «168 ժամ»-ի «Լավատեսի անկյունում» հեղինակած պատկերավոր սցենարներում և ֆելիետոններում, խուսափել է ֆիլմի սցենարը գրելուց։ «Ինձ համար 3 անգերազանցելի կինոարժեքներ կան,- իր «կոմերցիոն դոնքիշոտությունն» է արդարացնում նորատիպ գործարարը,- համաշխարհային մասշտաբով` «Մի անգամ Ամերիկայում» (ռեժիսոր` Սերջիո Լիոնե), խորհրդային` «Մոսկվան արցունքներին չի հավատում» (ռեժիսոր` Վլադիմիր Մենշով), հայկական` «Մենք ենք, մեր սարերը» (ռեժիսոր` Հենրիկ Մալյան) ֆիլմերը։ Անցյալ դարի 50-80-ական թվականների մշակութային համատարած ծաղկունքում, ըստ իս, ստեղծված այդ հիանալի կինոկտավներից վերջինն ազգային ժառանգության թանկագին մասնիկ է։ Ինձ ոլորտի բարձրակարգ պրոֆեսիոնալ չհամարելով` ընտրեցի նվիրական գաղափարս պատշաճ իրականացնողների»։
Ստացվում է, որ իրականում ոչ թե «հիանալի գաղափարների», այլ անհրաժեշտ գիտելիքներով ու գործարար ունակություններով դրանք կենսագործողների դեֆիցիտ ունենք։ Եթե մշակույթի նախարարությունը վերակառուցվի գեթ «P.art»-ի կամ «Արվեստների պատկերասրահի» մոդելով, բացառելով մենեջեր-մասնագետների «ԽԾԲ» հավաքագրումը, գուցե նկատվող դրական տեղաշարժը շուտով որակ կազմի։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ
Աղբյուր`http://www.hayinfo.ru/ru/news/culture/93024.html
|